«Ստում եք դուք . Ինչքան շատ եք Փաշինյանի անունը տալիս, այնքան մեր վարկանիշը բարձրանում է». Սիմոնյանը՝ Մինասյանին
Հենց նոր դուք ստեցիք եւ կեղծեցիք՝ մեղադրելով ՀՅԴ-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասով, այն էլ ոչ ավել, ոչ պակաս, վարչատարածքային բաժանման մասին օրենքի վրա հղում անելով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբվերի 22-ին, ԱԺ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
«Առաջարկում եմ՝ թողեք այդ վարքագիծը, մի ասեք, հատկապես այս ամբիոնից բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ստում եք դուք, որովհետեւ ձեր հետեւը նստած ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավորը քվեարկել է վարչատարածքային բաժանման մասին օրենքին կողմ, որտեղ գրված է, որ սահմանից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է:
Տեղից մի արձագանքեք, ելույթների հնարավորություն կունենաք, կգնաք, ձեզ մոտ նիստ կանեք, շրջաբերականներ կպտտացնեք, եւ դրանց մեջ կգրեք, թե ինչ պետք է անել, որ հանկարծակի առաջ չգնա եւ մենք հանկարծակի խաղաղության պյմանագիր չկնքենք: Նման բաներով կզբաղվեք, ձեր ոճը դա է: Իսկ տեղից բղավելը տեղին չէ»:
Արծվիկ Մինասյանը նաեւ նկատեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ԱԺ համապատասխան հանձնաժողովը պետք է կանոնակարգի վերաբերյալ իր եզրակացությունը տար մինչեւ ժամը 12-ը, սակայն այն դրանից հետո էլ դեռ քննարկվում էր: Սրան ԱԺ նախագահն արձագանքեց. «ԱԺ խորհրդի որոշմամբ հարցը դրվել է քվերակության եւ խորհուրդը քվեարկել է, նաեւ այսօր կունենանք քվեարկություն ԱԺ նիստերի դահլիճում»:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Փաստորեն իմ հորդորը չանցավ, դուք շարունակում եք ստել ու կեղծել: Վարչատարածքային բաժանման մասին օրենքը բացարձակ կլապ չունի Արցախի հարցի հետ: Ես կհորդորեմ եւս մեկ անգամ՝ իրավաբանների հետ խորհրդակցեք:
Երկրորդը, ձեր վարքագիծը գնուդագրվում է որպես դավաճանական վարքագիծ՝ արդարացնել դիմացինի ազգանվեր գործունեությունը մանիպուլյացիայի ենթարկելով: Ես հորդորում եմ, եթե պետք է, եկեք այո, նստենք կետ առ կետ քննարկենք:
Ինչ վերաբերում է քվեարկություներին, ոչ միայն ես, մեր կուսակցության պատգամավորները, նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ բազմաթիվ մարդիկ, երբ քվեարկել ենք, ձեր ասած տրամաբանությունը չի եղել մեջը»:
ԱԺ նախագահը հորդորեց պիտակավորումներից հեռու մնալ. «Որովհետեւ դավաճանությունը բանակը, երկիրը թալանելն է, ընտրություններ կեղծելն է, դրա մեջ բուռն մասնակցություն ունենալը եւ այլն: Դուք այդ ամենին ոչ վաղ անցյալում տեղյակ եք եղել, եչմ ուզում ասել՝ մասնակից եք եղել:
Երբ ԼՂ սահմանադրության մեջ գրված է, որ այս-այս շրջանները ԼՂ-ի անբաժանելի մաս են, իսկ դուք այստեղ կոճակ եք սեղմում եւ ներպետական օրենքով սահմանում եք, որ դա ԼՂ չէ, դա Ադրբեջան է, ու հիմա գալիս եք զարմացած դեմքով ինձ ստի մեջ եք մեղադրում, դրա համար իրավաբան պետք չի լինել, դրա համար տառաճանաչ է պետք լինել եւ պարկեշտություն է պետք ունենալ, որ տեսնել, թե ինչ եք արել:
Նիկոլ Փաշինյանի անունն էլ մի քիչ քիչ տվեք, ինչքան շատ եք տալիս, այնքան Նիկոլ Փաշինյանի եւ մեր վարկանիշը բարձրանում է»,-ասաց ԱԺ նախագահը: