կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Շիկահողի» հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ սահմանազատումից հետո. նախարար

«Շիկահողի» հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ սահմանազատումից հետո. նախարար

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն ամփոփել է Շրջակա միջավայրի նախարարության՝ 2025-ի աշխատանքները:

Նա նշել է, որ Սյունիքի մարզի «Շիկահողի» հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ սահմանազատումից հետո՝ հույս հայտնելով, որ խաղաղության պայմաններում հնարավորություն կստեղծվի հարևան երկրի հետ իրականացնել անտառպահպանման աշխատանքներ սահմանամերձ հատվածներում։

Մաթևոսյանի խոսքով՝ բնապահպանական հարցերը եղել են, կան ու կլինեն ՀՀ կառավարության և իր ղեկավարած նախարարության առաջնային խնդիրներից մեկը, սակայն կա շատ ավելի կարևոր օրակարգ` խաղաղության օրակարգը։

«Այս տեսանկյունից հարցին պատասխանելով՝ ասեմ` երբ կավարտվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները, և սահմանազատում կլինի առնվազն այդ տարածքում, ապա հնարավորություն կունենանք ամբողջական պատկերը վերհանելու, քննարկումներ կազմակերպելու։ Ես հույս ունեմ, որ արդեն խաղաղության պայմաններում մենք կունենանք հնարավորություն հարևան երկրի հետ իրականացնելու անտառպահպանման աշխատանքներ սահմանամերձ հատվածներում»,-նշել է նախարարը։

Նշենք, որ մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում, որ Սյունիքի «Շիկահողի» արգելոցի տարածքում ադրբեջանական կողմը մասսայական ծառահատումներ է իրականացնում՝ իր դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար:

  • Կիսվել: