շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Շատ տրամաբանական բան է ասել. Քրիստիննե Գրիգորյանը Փաշինյանի՝ «սեպտեմբերին պատերազմ լինելու» հայտարարության մասին

Շատ տրամաբանական բան է ասել. Քրիստիննե Գրիգորյանը Փաշինյանի՝ «սեպտեմբերին պատերազմ լինելու» հայտարարության մասին

«Պարոն վարչապետը շատ տրամաբանական բան է ասել»,- Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեյանի հարցին։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե առաջիկա ընտրություններում ՔՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու, ապա հարցրեց. «Արդյո՞ք այս հայտարարությունն արտաքին հետախուզության ծառայության որոշակի տվյալների հիման վրա էր արված, թե՞ տեղյակ չեն եղել այդ հայտարարությունից, եթե ոչ՝ արդյո՞ք փորձել են  հասկանալ, թե ինչ հիմքով է նման հայտարարություն արվել, փորձե՞լ են օպերատիվ-հետախուզական որոշակի տվյալներ ստանալ նման հայտարարությունը ճշտելու կամ փաստն արձանագրելու համար, ո՞րն է այն երկիրը, որ այդ պատերազմը պետք է սկսի մեր դեմ»։

Ք. Գրիգորյանը փորձեց բացատրել Փաշինյանի ասածը. «Եթե նախընտրական փուլում քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ  խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի  ասածն այս տրամաբանությունն ունի»։

Ա. Կյուրեղյանն արձագանքեց. «Փաստվեց, որ ծառայությունը որևէ նման տվյալ չունի, ընդամենը վարչապետի քաղաքական հայտարարություն էր։ Մենք գիտենք, որ հայտարարությունն արվում են այն պահին այնպես, ինչպես իրենց ձեռք է տալիս և դա որևէ տրամաբանական հիքմ չունի»։

ԱԺ փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հարցրեց. «Եթե «Հայաստան» դաշինքը կամ մեկ այլ ուժ, որ «Հայաստան» դաշինքի նման կամ դաշինքի հետ դաշնակցող, տեսականորեն գա իշխանության և որպես Հայաստանի արտաքին քաղաքականություն որդեգրի այն, ինչ ասում են հիմա, պատերազմի հավականությո՞ւնը կմեծանա, թե՞ կփոքրանա, թե՞ կմնա նույնը, Ք. Գրիգորյանը պատասխանեց. «Կմեծանա։ Այդ հայտարարությունները խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու ու կոնֆլիկտին վերադառնալու մասին, դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում նաև հարձակման սպառնալիքով»։ 

  • Կիսվել: