Շատ հարգանքով ենք ՌԴ մեր գործընկերների հանդեպ, բայց ստացվում է, որ կորցնում ենք մեր մրցակցային առավելությունները. Փաշինյանը՝ երկաթուղու մասին
Մենք դիմել ենք ՌԴ մեր գործընկերներին և քաղաքական առումով կարծես ունենք դրական արձագանք, բայց այստեղ կա մի շատ կարևոր գործնական խնդիր։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ այլընտրանքային լուծում ունենք, եթե Ռուսաստանը հրաժարվի վերանորոգել երկաթուղու հատվածները, որոնք վերաբերում են Թրամփի ուղուն, կամ չհրաժարվի, բայց ձգձգի։
՛՛Ակնհայտ է, որ երկաթուղին Զանգելանից մտնելու է Մեղրի, ապա՝ Նախիջան։ Միջազգային կոնտեքստում շատ կարևոր է, թե ինչպես է շարունակվելու այդ ուղին։ Հիմա կան մրցակցող երկու տարբերակներ։ Դուք գիտեք, որ Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարել են Կարսին Նախիջան նոր երկաթուղի կառուցելու նախագծի մասին։ Մենք ակնկալում ենք, որ երկաթուղին գործի Երասխ–Ախուրիկ երթուղով, որտեղ կա գործող երկաթուղի։ Եարսխի հատվածում ընդամենը մի քանի կմ է պակասում, իսկ Ախուրիկում էլ ավելի կարճ։ Մենք հիմա պետք է կենտրոնանանք մեր մրցակցային առավելությունների վրա։ Այստեղ մենք տեսնում ենք, որ միջազգային համատեքստում այն փաստը, որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է ռուսական ենթակայության ներքո, օգտագործվում է Կարս–Դիլիջու երթուղին ավելի նպաստավոր ներկայացնելու համար։ Սա մեզ համար խնդիր է, որովհետեւ ստացվում է, որ մենք կորցնում ենք մեր մրցակցային առավելությունները։
Մենք շատ հարգանքով ենք մեր ռուսաստանյան գործընկերների նկատմամբ, բայց փաստն այն է, որ միջազգային լարված համատեքստի պատճառով, այն փաստի բերումով, որ մեր երկաթուղին, որը մեր սեփականն է, գտնվում է ՌԴ կառավարման ներքո, մենք այստեղ մեր մրցակցային առավելությունը կորցնում ենք։ Մենք այստեղ պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք։ Սա 1-2 տարվա հարց չի։ Մենք պետք է լուծում գտնենք և դա պետք է գտնենք բարեկամական, եղբայրական, ընկերական տրամաբանության մեջ՛՛,–նշեց վարչապետը:
Ընդգծելով, որ Կարս–Դիլիջու երկաթուղու կառուցման համար մի քանի միլիարդ դոլարի ներդրում է արվում՝ Փաշինյանը հավելեց. ՛՛Ես այդ հարցը տվել եմ մեր գործընկերներին, և Թուրքիայի, և Ադրբեջանի նախագահին, ասել եմ՝ տեսեք, մենք գնում ենք կարգավորման, Հայաստանով արցեն անցնում է երկաթուղին, ինչո՞ւ եք մի քանի միլիարդ ծախսում մի բանի համար, որն արդեն գոյություն ունի։ Իհարկե, այդ հարցին, դիվանագիտական լռությամբ են պատասխանել։ Բայց միջազգային քննարկումները տեսնելով, մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ լուծումներ պետք է գտնենք, որովհետեւ խոսքը Հայաստանի երկարատև ռազմավարական շահերի մասին է, և մեր բոլոր բարեկամ երկրները պետք է շահագրգռված լինեն, որ մեր շահերը սպասարկվեն, ոչ թե հայտնվեն փակուղու մեջ՛՛:


