Շաքիի մոտակայքում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10 մլն եվրոյի վարկային միջոցներ՝ Սիսիան քաղաքից ոչ հեռու՝ Շաքի գյուղի հարևանությամբ, 7,7 հա հողատարածքում մաքսային և տեխնիկապես ապահովված լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով:
Այսօր ԱԺ նիստին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրեց համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:
Նա, մասնավորապես, ասաց. «Այն հնարավորություն կտա մաքսային հսկողություն իրականացնել մեկ տեղում, և այն ամբողջ ծավալը, որն անմիջականորեն մաքսային սահմանին չի իրականացվում, այլ իրականացվում է երկրի ներսում (հարավային Մեղրիի մաքսակետով անցնող բեռների դեպքում), այդ ամբողջ բեռները կուղղորդվեն դեպի այս լոգիստիկ կենտրոն, որտեղ կիրականացվի ապրանքների ամբողջական մաքսազերծում:
Ներկայումս դրանք իրականացվում են ժամանակավոր պահպանման պահեստների կամ մաքսային պահեստների միջոցով, որոնք միշտ չէ, որ ապահովում են համապատասխան մաքսային հսկողության և պահպանության համար բավարար պայմաններ»:
Մուրադյանը հավելեց, որ տեղում կգործի մեկ պատուհանի կոնցեպտը, և այդ կետում կլինեն բոլոր այն մարմինները, որոնք մաքսազերծման ընթացքում տրամադրում են թույլվություններ և անհրաժեշտ փաստաթղթեր:
«Վարկի տոկոսադրույքը լողացող է, սպասարկումն իրականացվում է կիսամյակային հաճախականությամբ, ժամկետը՝ 15 տարի, որից 4-ը՝ արտոնյալ»,- ասաց նա:
Աշոտ Մուրադյանը ներկայացրեց նաև բեռների հայտարարագրման հետ կապված վիճակագրական տվյալներ` նշելով, որ 2022 թվականին Հարավային մաքսատուն-վարչությունում հայտարարագրվել է 373 հազար տոննա բեռ, 2023-ին` 569 հազար տոննա, իսկ 2024-ին` 700 հազար տոննա: