Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրության, պետական սահմանն ապօրինի հատելու և այլ դեպքեր
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են 158 հանցագործություն:
Մասնավորապես՝ 57 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝անձնական ունեցվածքի գողության և խարդախության, 5-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և փաստաթղթի կեղծիքի, 4 դեպք՝ թմրանյութի իրացման, 2-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու և սառը զենքի հայտնաբերման:
Բացահայտվել են նաև հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:
Անցած 1 օրում գրանցված 13 ավտովթարի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։