Սամվել Կարապետյանը որոշել է բոլոր փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ազատել հարկերից, սա անում ենք, որ նոր աշխատատեղեր ստեղծվեն. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Այո, ճիշտ է, Հայաստանում գործող բոլոր փոքր բիզնեսի ներկայացուցիչները ազատվելու են հարկերից: Հարկերից ազատվելու են կրպակները, վարսավիրանոցները, ավտոլվացման կետերը և բոլոր ծառայություններ մատուցող փոքր ընկերությունները, և սա կարևոր քայլ է: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Մեր տնտեսական ծրագիրը ներկայացնելուց հետո շատ են հարցերը մեր հայրենակիցների մոտ: Ասում են ճի՞շտ է, որ Սամվել Կարապետյանը որոշել է բոլոր փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ազատել հարկերից, այո՜, ճիշտ է: Այստեղ կա տնտեսական նպատակահարմարություն, մենք սա անում ենք, որ այս ընկերությունները սկսեն մեծանալ ու խնայած միջոցների հաշվին նոր աշխատատեղ ստեղծեն, նոր մարդիկ ներգրավվեն ու մենք հաղթենք գործազրկությանը: Մեզ տալիս են հարց, թե բյուջեն այդ դեպքում ինչպե՞ս է դիմանալու: Ձեզ ասեմ մի տարօրինակ թիվ, Հայաստանում գործող ընկերությունների 70 տոկոսը վճարում է հարկերի ընդհանուր բյուջեի ընդամենը 2.5 տոկոսը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք 2.5 տոկոսի փոխարեն՝ տարբեր տնտեսական ծրագրերի ու մեծ բիզնեսի հաշվին տասնյակ տոկոսներով բյուջեն ավելացնելու ենք, և չի լինելու փոքր բիզնեսին հարկելու կարիք: Միակ խնդիրը, որը դնելու է պետությունը փոքր բիզնեսի առաջ՝ դա մեծանալն է»,- նշել է նա:
Անդրադառնալով բանակում ծառայելու հետ կապված քննարկումներին՝ Նարեկ Կարապետյանը ցուցադրեց այն փաստաթուղթը, որը գրել է 8 տարի առաջ ՀՀ գլխավոր զինկոմիսարին, որի պատասխանը նախարարության կողմից եղել է բացասական՝ նշելով. «Որպեսզի լրացնեմ ռազմական գիտելիքների բացը, ես եղել եմ առաջին սանը մեծ կառույցի, որը Հայաստանում այսօր զինվորական ծառայության ռազմական գիտելիքներ տալու ամենամեծ կառույցն է: Իմ վրա է փորձարկվել այդ համակարգը ու շնորհակալ եմ այն հրամանատարին, ում հետ աշխատել եմ այս ուղղությամբ»:


