կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Սահմանադրության օրվան ընդառաջ պարզվեց, որ Հայաստանում չկա Սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան

Սահմանադրության օրվան ընդառաջ պարզվեց, որ Հայաստանում չկա Սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան

«Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց, որ Հայաստանում կան Սահմանադրություն և Սահմանադրական դատարան, բայց չկան սահմանադրականություն և սահմանադրական արդարադատություն»,- ընտրությունների արդյունքների վիճարկման գործով ՍԴ որոշումը մեկնաբանելով՝ ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ լրագրողների հետ զրույցում։

«Սահմանադրական արդարադատության առանցքային նախապայմանը հենց Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմությունն է, իսկ այդ խնդիրը, ցավոք, այդպես էլ չհաղթահարվեց։ Ավելին՝ Սահմանադրական դատարանը հենց ինքը  հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության հարցը»,-հավելեց Վարդևանյանը։

Ակնհայտ  ընտրախախտումներին ևս պատշաճ իրավական արձագանք չտրվեց, կարծիք հայտնեց նա.

«Մեր ներկայացրած փաստարկները գնահատողական դատողություններ չէին, դրանք հիմնված էին ակնհայտ և հանրությանը հայտնի հանգամանքների վրա, որոնք պարզապես անհրաժեշտ էր իրավական ձևով ամրագրել։

Այդ փաստերը արձանագրվեցին, սակայն արդյոք դատավարության արդյունքը բավարարե՞ց արդարության պահանջը. ո՛չ։ Սա խոսում է այն համակարգային խնդիրների մասին, որոնք այսօր առկա են Հայաստանում։ Սահմանադրական դատարանի որոշ դատավորների հարցադրումները, իմ գնահատմամբ, ամբողջությամբ համընկնում էին իշխանության խոսույթի հետ»։ 

Արամ Վարդևանյանը մանդատների խնդրին էլ անդրադարձավ.

«Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքները լիովին անվավեր ճանաչելու հավանականությունը շատ փոքր էր, սակայն մանդատների բաշխման հարցում այլ որոշման հավանականությունը զգալիորեն ավելի բարձր էր։ Ավելին, մանդատների բաշխման հետ կապված խնդիրը նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար էր ակնհայտ։ ԿԸՀ-ի ցանկացած անդամ գիտակցում է, որ վաղ թե ուշ ստիպված է լինելու պատասխան տալ այս հարցի վերաբերյալ, քանի որ երբ ընտրատեղամասի արդյունքներն անվավեր են ճանաչվում, դա անմիջական ազդեցություն է ունենում մանդատների բաշխման վրա»։

Իրենց հետագա քայլերի առնչությամբ Վարդևանյանը նշեց.

«Քննարկել ենք բոլոր հնարավոր սցենարները, սակայն ի տարբերության իշխանության, մենք հարգում են դատական ընթացակարգերը, ուստի վերջնական որոշում կկայացնենք  արդեն դատական ակտի հրապարակումից հետո»։ 

  • Կիսվել: