Ռուսաստանը ուրախ է վերսկսել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ խորհրդարանական մակարդակով. Մատվիենկո
ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ուրախ է երկու երկրների միջև խորհրդարանական մակարդակով քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար։ Այս մասին նա ասել է ՀՀ Ազգային ժողովի ղեկավար Ալեն Սիմոնյանի հետ երկկողմ հանդիպման ընթացքում։
Ինչպես հայտնի է, Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։
«Մեր հայ բարեկամներ, գործընկերներ, ևս մեկ անգամ ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստան այցելելու հրավերի, խորհրդարանների նախագահների մակարդակով երկխոսությունը վերսկսելու հնարավորության համար։ Մենք ուրախ ենք որոշակի ժամանակահատվածից հետո վերսկսել քաղաքական երկխոսությունը խոսնակների մակարդակով», – ասել է նա։
Մատվիենկոն ընդգծել է, որ ռուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ։
Դաշնային խորհրդի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների պատմությունը հիմնված է ամուր բարեկամության վրա։ Նա նաև նշել է երկու երկրների ժողովուրդների ավանդույթների նմանությունը։
«Այսօր մենք բնական դաշնակիցներ ենք։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք», – նշել է Վալենտինա Մատվիենկոն։