հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ռուսաստանը խանգարում է Հայաստանին նրա պետականության կայացման ճանապարհին. «Քաղաքացիական պայմանագիր»

Ռուսաստանը խանգարում է Հայաստանին նրա պետականության կայացման ճանապարհին. «Քաղաքացիական պայմանագիր»

Հայաստանն իր պետականության կայացման ճանապարհին է, եւ Եվրոպան մեզ այդ հարցում օգնում է, իսկ Ռուսաստանը՝ խանգարում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է խորհրդարանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանում հաստատվի իր իշխանությունը, ստանա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» եւ փակի բոլոր հարցերը։ «Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանը տեսնել որպես ինքնուրույն պետություն, իսկ Եվրոպան ասում է, որ կօգնի մեզ կայացման ճանապարհին։ Սա է ամբողջ տարբերությունը։ Մեկը մեզ օգնում է, իսկ մյուսը՝ խանգարում»,- ավելացրել է նա։

Ասլանյանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը շատ փոքր ֆիգուր է, որը չի հասկանում, որ ընդամենը խաղալիք է ուրիշների ձեռքին։ «Ալիեւը իրականացնում է Թուրքիայի եւ Ռուսաստանի ծրագրերը, եւ ես չեմ կարծում, թե նա ինքնուրույն քաղաքականություն է վարում։ Ի տարբերություն նրա՝ մենք փորձում ենք այդպիսի քաղաքականություն վարել, ուստի մեր վրա ճնշում են բանեցնում։ Մասնավորապես, դա վերաբերում է Ռուսաստանին, որը չի ցանկանում բաց թողնել մեզ»,- նշել է պատգամավորը։

  • Կիսվել: