Ռուսաստանը չի թողնի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքենք, որպեսզի կարողանա Հարավային Կովկասում իր դիրքը պահել․ պատգամավոր
Ռուսաստանը չի թողնի, որ մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքենք, որպեսզի կարողանա Հարավային Կովկասում իր դիրքը պահել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
«Այնպես չէ, որ Ադրբեջանը գալիս է խաղաղություն կնքելու, Ռուսաստանն էլ այստեղ անելու բան չունի: Մենք տեսանք իրենց արածը, թե ինչպես կատարեցին նոյեմբերի 9-ի պայմանագիրը:
Ռուսաստանը չի ուզում Հարավային Կովկասից դուրս գա: Ինքը «Զանգեզուրի միջանցք» է տենչում: Մարիա Զախարովան հայտարարում է՝ նոյեմբերի 9-ի պայմանագրով Զանգեզուրի ճանապարհը ռուսները պետք է վերահսկեն: Այսինքն նոյեմբերի 9-ի պայմանագրի ոչ մի կետ իրենք չեն կատարել, Ղարաբաղը հայաթափել են ամբողջապես, հիմա մնացել է 9-րդ կետը եւ ուզում են գան, կանգնեն այդտեղ: Ինչի մենք չե՞նք կարողանում մեր ճանապարհները դարձնենք անվտանգ: Ղարաբաղի խաթրի համար էինք մենք ամեն ինչ անում, որ նրանք մնան իրենց տեղում: Բայց հիմա Ղարաբաղի ժողովրդին հանել տվեցին, մեր զինծառայողներին գերեվարեցին: Հենց ռուսների համաձայնությամբ է դա եղել: Տարածքները կամաց տալով ամբողջ Ղարաբաղը տվեցին պրծան, համ էլ եկել, այդ ճանապարհն են ուզում:
Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ իրենք Լաչինի միջանցք էին պահում, Ղարաբաղ էին պահում:
Դեռ 1990-ականներին հայաթափեցին Դաշտային Ղարաբաղը: «Կոլցո» օպերացիայով հայաթափեցին Շահումյանը, Գետաշենը: Նույնը արեցին այստեղ: Հիմա էլ Զանգեզուրն են ուզում: Էլ ո՞վ է վստահելու իրենց Զանգեզուրը, որ մեկ ամիս հետո էլ Զանգեզուրը տան, ադրբեջանցիներին ասեն՝ սա ձեր տարածքներն են:
Ռուսաստանն ուզում է նորից թելադրող լինել եւ մենք անցնենք այդ ճորտի կարգավիճակին»,-ասաց Մելքոնյանը:
Նրա խոսքով, Հայաստանն արդեն հասկացել է, որ պետք է այլընտրանք փնտրել եւ դա արդեն գտնվել է. «Մենք արդեն շատ երկրների հետ ունենք պայմանագրեր, նույնիսկ զենքի սպառազինության հետ կապված: Դա իրենց դուր չի գալիս: Իրենք անընդհատ քննադատում են Արեւմուտքին»,-ասաց պատգամավորը:


