Ռուսաստան-Հայաստան համաժողովը միտված է երկու երկրների մերձեցմանը. Միխայիլ Անիչկին
Ցանկացած միջոցառում, ինչպիսին «Ռուսաստան-Հայաստան» հանրային ֆորումն է, միայն գործիք է, որն այս կամ այն չափով կամ խթանում է գաղափարները դրանց իրականացմանը, կամ կոչված են համախմբելու որոշակի թվով համախոհների՝ որոշակի գաղափարներ առաջ մղելու համար: Այս մասին այսօր ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, «Խաղաղարար համագործակցություն» անվտանգության ոլորտում մասնավոր ձեռնարկությունների միության խորհրդի նախագահ Միխայիլ Անիչկինը։
Նրա խոսքով՝ տվյալ դեպքում այս միջոցառումն ուղղված է երկու երկրների մերձեցմանը։
Հիշեցնելով, որ ֆորումն անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ Անիչկինը նշել է. «Սա արդեն իսկ լավ է, քանի որ դա նշանակում է, որ կա արձագանք հասարակության կողմից, որ նման միջոցառումները պետք է շարունակվեն, շահագրգիռ կառույցներ հավաքվեն, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական հասարակությունը համախմբվեն մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։ Ընդհանուր գաղափարն այս դեպքում Ռուսաստանի և Հայաստանի մերձեցումն է»։