հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի միջոցառմանը կարևորել է հակամարտություններից տուժած տարածքներում պատմական համատեքստի պահպանումը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի միջոցառմանը կարևորել է հակամարտություններից տուժած տարածքներում պատմական համատեքստի պահպանումը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա շրջանակներում,  ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հունաստանի և Իտալիայի կողմից կազմակերպված «Մշակութային ժառանգությունը վտանգված է» խորագրով հարակից միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության խոցելիությունն ու սպառնացող վտանգները՝ կարևորելով, մասնավորապես, հակամարտություններից տուժած տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության ինքնության, ծագման և  պատմական համատեքստի պահպանումը և միջազգային իրավական գործիքների արդյունավետ կիրառումը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև ճգնաժամային իրավիճակներում ժառանգության պաշտպանությանն ուղղված Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը՝ անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացնել Մոսուլի ոգին» նախաձեռնության շրջանակներում փորձի փոխանակմանը, «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության գործունեությանն աջակցությանը և ընթացիկ տարվա մայիսին Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքին (ALIPH) միանալուն։

Անդրադառնալով նոր տեխնոլոգիաների դերին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում նախորդ տարի Հայաստանի նախաձեռնած և միաձայն ընդունված բանաձևը` ուղղված նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդմանը:

  • Կիսվել: