ՌԴ առաջարկները մեզ համար ընդունելի են, վաշինգտոնյան փաստաթուղթը՝ ոչ․ Արևմուտքի առաքելությունը Հայստանում միայն դիտորդական է․Օհանյան
ՌԴ նախագահը ասաց, որ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ տեսակետ ունենան հայ-ադրբեջանական հարաբերությունների և մանավանդ Արցախի հարցի լուծման ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Տարածքների հարցը եղել է անվտանգության խնդիր, որպեսզի պաշտպանական հենակետեր ձևավորվեն՝ բանակցային գործընթացում առավելություններ ունենալու համար։ 2018թ-ին փլուզվեց այդ ամբողջ բանակցային ներուժը, որից հետո սկսվեց պատերազմ, ինչի արդյունքում մենք հայտնվեցինք այս վիճակում»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դժվար է միանգամից ստանալ Արցախյան հարցի լուծումը։
«Հետևաբար մեզ համար ընդունելի է ՌԴ առաջարկությունները, որով առաջարկվում է երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ, բանակցային գործընթացը շարունակելու ամենանորմալ ձևաչափը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափն է։ Մեզ համար անընդունելի է վաշինգտոնյան փաստաթուղթը, որով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միանգամից մեծ քար է նետվելու Արցախի ճակատագրի վրա և Արցախը հայտնվելու է Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկները ապագայում Արցախյան հարցին անդրադառնալու հույսեր է ներշնչում։
«Արևմտյան ոչ մի երկիր, բացի դիտորդական առաքելությունից, անվտանգային ոչ մի խնդիր չի լուծելու։ Այսօր մենք ՌԴ-ի հետ գտնվում ենք Եվրասիայի կենտրոնում և անվտանգային ու մյուս խնդիրները պետք է միասին լուծենք։ Տարածաշրջանում Արևմուտքը ունի իր ներկայացուցիչը՝ Թուրքիան, մենք պետք է ընտրենք, թե ո՞ր երկրի հետ համագործակցենք և որտեղ գտնվենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։


