շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Քարնին ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը

Քարնին ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը, ընդհանուր արժեքներին և տարածաշրջանային խաղաղության գործընթացին։

Քարնին ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ձեռք բերված առաջընթացը և ողջունում եմ նախագահ Ալիևի մասնակցությունը (խմբ․՝ հեռավար)»,-փոխանցմամբ՝ նշել է նա։

Կանադայի վարչապետը շեշտել է Կանադայի և Եվրոպայի միջև կապերը՝ ընդգծելով նաև Հայաստանի հետ կապը։

«Ես կարծում եմ, որ տեղին է, որ Կանադան առաջին ոչ եվրոպական երկիրն է, որը միացել է այս ձևաչափին, քանի որ մենք ոչ եվրոպական երկրներից ամենաեվրոպականն ենք։ Մենք ունենք պատմության, արժեքների և վստահության համընկնում»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ այդ կապերն արտահայտվում են նաև Կանադայում ապրող հայ համայնքի միջոցով։

Քարնին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը նաև միջազգային առաքելությունների շրջանակում։

«Մենք ունենք դեր որպես Հայաստանում Եվրոպական առաքելության միակ ոչ եվրոպական մասնակից»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ աշխարհը ներկայում բախվում է լուրջ փոփոխությունների։ Կանադայի վարչապետը նշել է, որ աշխարհը ճեղքվածք է ապրում մի քանի հարթություններում՝ տեխնոլոգիաների, էներգետիկայի, առևտրի և աշխարհաքաղաքականության մեջ։

«Մենք պետք է ընդունենք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, ոչ թե այնպիսին, ինչպիսին կցանկանայինք»,-նշել է նա։

Քարնին հավելել է, որ նման հանդիպումները ցույց են տալիս առաջ շարժվելու ավելի լավ ուղին։

  • Կիսվել: