երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը

Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով։

Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը։ «Բայց այն իրականում ինքներս մեզ կրթելու, զարգանալու, միմյանց հետ անկեղծ շփվելու ու նախապաշարմունքներից զերծ երկխոսել սովորելու մասին է»,- ընդգծեց նա։

Հաջորդիվ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմանալ՝ ինչպես» և «Իրական Հայաստան» բանախոսություններով: Առաջինում նա ներկայացրեց կրթվելու վերաբերյալ իր տեսակետները` կրթարշավի նպատակներին ու սահմանումներին հավելելով իր ձևակերպումները. «Քո չիմացածի «հետևից գնալը» նորաձև է, քո չիմացածի մասին մտածելը նորաձև է, քո իմացածի բացերը լրացնելը նորաձև է»։ Վարչապետն իր  2-րդ բանախոսության ընթացքում խոսեց պետության ընկալման վերաիմաստավորման և ազգային ինքնության հարցերի մասին։

Երաժշտական ընդմիջման հատվածում բեմ բարձրացան «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը,  Քաջարանի մշակույթի պալատի մենապարուհի Սառա Ստեփանյանը և ֆլեյտահար Լիլիթ Գրիգորյանը:

Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով։ Մասնակիցներից մեկը բարձրաձայնեց արդարության ընկալման և դրա համակարգային բացերի հարցը, մյուսը` ազգային ինքնության գաղափարախոսության լայն տարածման հարցը։  Խոսվեց խոսքի ազատության և դրա սահմանների  չարաշահման մասին: Ընդհանուր առմամբ հարցուպատասխանի հատվածը անցավ շատ բուռն և անկաշկանդ:

  • Կիսվել: