Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան և Համաշխարհային բանկի Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։
Հանդիպման սկզբում փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության խորացումն ու շարունակական ընդլայնումը՝ բարձր գնահատելով Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում Բանկի ունեցած նշանակալի դերակատարումը։ Մասնավորապես՝ ընդգծվել է Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության կարևորությունը տեղական տնտեսության և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և մի շարք այլ ուղղություններով։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև կայուն զարգացման տեսանկյունից կլիմայի փոփոխության և դրա հետևանքների ազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի կողմից մշակված` «Հայաստանի կլիմայի և զարգացման զեկույցին»՝ ընդգծելով դրա ուղեցուցային նշանակությունը երկրի կլիմայական դիմակայունության ձևավորման տեսանկյունից:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու զեկույցի շրջանակներում ներկայացված առաջնահերթ գործողությունների շուրջ աշխատանքային քննարկումները` դրանց կիրառելիության արդյունավետ մեխանիզմները նախանշելու նպատակով: