հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
ՊՆ-ի հաղորդագրություններն ընդունեք ի գիտություն. փոխնախարարը՝ Ջերմուկում զինծառայողի հետ կապված միջադեպի մասին

ՊՆ-ի հաղորդագրություններն ընդունեք ի գիտություն. փոխնախարարը՝ Ջերմուկում զինծառայողի հետ կապված միջադեպի մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է՝ ՊՆ-ն երբեք հանդես չի եկել այնպիսի հաղորդագրությամբ, որը չի համապատասխանում իրականությանը։

«Հետևեք պաշտոնական լրահոսին»,- լրագրողների հարցին ի պատասխան ասաց Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե, իբր, Ջերմուկի զորամասում զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել։

Սարգսյանը կոչ արեց զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, չճշտված փաստեր հրապարակելուց։

Նա այդպես էլ չարձագանձեց՝ ի վերջո, զինծառայողն առողջական խնդիրներ ունե՞ր, թե՞ ոչ, միայն կոչ արեց ՊՆ-ի հաղորդագրություններն ընդունել ի գիտություն։

Հիշեցնենք՝ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտարարել էր, թե ահազանգ է ստացել, որ 19-ամյա զինվորին Ջերմուկի զորամասում դաժան ծեծի են ենթարկել և, որ զինվորն ուներ հոգեկան առողության հետ կապված խնդիրներ։

ՊՆ-ն հայտարարություն տարածեց՝ շեշտելով՝ զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով, ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։

Նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։

  • Կիսվել: