Պետք է կանգնեցնել Ադրբեջանի պահանջները. Նարեկ Կարապետյան
Մեր փոփոխությունները վերաբերելու են անհատին, անհատի գրպանին և ընտանիքի բարեկեցությանը: Այս մասին Արթիկում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Ունենք այլընտրանք. առաջինը՝ ստեղծում ենք աշխատատեղեր, հզորացնում ենք մեր երկիրը, լուրջ հարաբերություններ ենք կառուցում հարևան երկրների հետ։ Երկրորդը՝ ծնկում ենք ու լսում ենք իրենց»,-ասել է նա:
Կարապետյանի խոսքով՝ Փաշինյանը չի կարողանում բանակցել Ալիևի հետ, փոխարենը՝ ժողովրդին է մանիպուլացնում։
«Պարտված ղեկավարի աչքը վախեցրել են։ Ինքն այլևս չի կարողանում նրանց մերժել, հասկացել է, որ չի կարողանում պայմանավորվել, եկել է՝ ժողովրդին է փորձում համոզել։ Նրանց չի կարողանում համոզել, եկել է՝ մեզ է «համոզում»։
Այսօր կասի՝ «1000 հոգի» են (ադրբեջանցիներ՝ Հայաստանում-խմբ.), հետո կգտնի 2 հոգու, կասի՝ «իրենք ժամանակին ընկեր են եղել»։ Հետո նրանք կդառնան 5 000-ը, հետո՝ 10 000, 15 000… այդպես է Նախիջևանը դարձել Նախիջևան։ 80-100 տարի առաջ այնտեղ բնակչության մեծ մասը հայ էր, այսպես իբր ընկերություն են արել, հետո մի օր էլ տեսել ենք՝ մզկիթ կա, մենք էլ փոքրամասնություն ենք դարձել»,-ասել է Կարապետյանը և ընդգծել, որ իրենց պետք չէ հակամարտություն, այլ պետք է կանգնեցնել Ադրբեջանի պահանջները և կառուցել ուժեղ երկիր։


