Պատրաստ եմ ԵՄ-ին ցանկացած ձևաչափով ներկայացնել ՀՀ-ում քաղբանտարկյալների իրավիճակը. Սողոյան
Եվրոպական կառույցները նախկինում Հայաստանում արձանագրվող իրավախախտումներին շատ ավելի ակտիվ էին արձագանքում, մինչդեռ այժմ, անգամ բռնաճնշումների և դաժան վերաբերմունքի «անհերքելի ապացույցների» առկայության պայմաններում, լռություն են դրսևորում։ Այս մասին Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց հայտարարեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց. նրանք «Արդարադատությունը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդար», «Ո՛չ բռնապետությանը», «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով ու կալանավորվածների նկարներով պահանջում են աջակցել Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը։
«Եվրոպական կառույցները ժամանակին չէին սպասում որևէ իրավապաշտպան կազմակերպության ահազանգի, որպեսզի արձագանքեին իրավախախտումներին, շատ ավելի ակտիվ էին արձագանքում։ Հիմա՝ այս տեխնոլոգիաների դարում, երբ մի քլիքով ամեն ինչ թարգմանվում է, կան ուղիղ եթերներ, այս դաժան վերաբերմունքի, բռնաճնշումների անհերքելի ապացույցների պարագայում լռություն են դրսևորում»,- ասաց Սողոյանը։
Փաստաբանը նաև պատրաստակամություն հայտնեց եվրոպական կառույցների ներկայացուցիչներին ներկայացնելու, իր ձևակերպմամբ, Հայաստանում քաղբանտարկյալների իրավիճակը, այդ թվում՝ իր վստահորդների վերաբերյալ քրեական գործերը։
«Ես մեկ անգամ ևս հայտնում եմ պատրաստակամություն՝ ցանկացած պարագայում, իրենց համար ընդունելի ցանկացած ձևաչափով պատրաստ եմ ներկայացնել ՀՀ-ում քաղբանտարկյալների իրավիճակը»,- նշեց Սողոյանը։
Նա անդրադարձավ նաև Արեգնազ Մանուկյանին՝ պնդելով, որ նրա և դստեր տեսակցությունը թույլատրելու որոշումը կարող էր կապված լինել ԵՄ գրասենյակի մոտ նախատեսված հավաքի հետ։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ իմացել են մեր այսօրվա հավաքի մասին ու նախապես ասել են՝ դե Արեգնազ Մանուկյանին դստեր հետ տեսակցություն թույլ տվեք, որ մի քիչ մեղմվի իրավիճակը»,- ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին միայն այսօր թույլատրել են տեսակցություն անչափահաս դստեր հետ, որի ծննդյան օրն է։



