Փաշինյանը՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հիշեցրեց պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի ասած մի քանի արտահայտություններ և ընտրակեղծիքների մասին պնդումների համատեքստում հիշեցրեց, որ նման գործընթացներին անմիջական առնչություն ունի ԲԴԽ-ում Փաշինյանի դրածո Գագիկ Ջհանգիրյանը։
Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անկախ նրանից, թե ով որտեղ է եղել, Հայաստանում բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են, և դա ակնհայտ փաստ է։
«Մենք չենք քննարկում, թե ով որտեղ է եղել, և ոչ էլ՝ Դուք որտեղ եք եղել, թե չէ կարող է պարզվել, որ Դուք էլ եք եղել ակտիվ կեղծարարների թվում։ Մենք ասում ենք, որ ժողովուրդը պետք է իրավունք ունենա լեգիտիմ սահմանադրություն ունենալու»,-նշեց նա։
Վարչապետը հավելեց, որ ընդդիմությունը, Ալիևի անունը տալով, փորձում է վարկաբեկել խաղաղության գործընթացը։ «Թեթևացրեք ձեր հոգին ու ասեք, որ այս դահլիճում հայտնվել եք խաղաղությանը խոչընդոտելու համար»,-ասաց նա՝ հավելելով դիտարկում ինչ-որ երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին:
Ղազարյանն ասաց, որ նշված անձանց ծանոթ չէ և հիշեցրեց սեպտեմբերի 27-ին Փաշինյանի տված հավաստիացումները՝ «ոչ մի միլիմետր Արցախից, Հայրենիքից»։
«Մարդիկ ձեր կոչով գնացին ռազմաճակատ»,-հիշեցրեց Ղազարյանը։
Փաշինյանը հակադարձեց՝ խոսելով հեղաշրջման մասին խոսակցությունների, միլիոնավոր դոլարների, «Տոյոտա Երևան»-ի, «Փլեյ Սիթի»-ի վերաբերյալ։ Նա նշեց. «Դուք Վասիլիչին չգիտեք, որովհետև դեռ այդ մակարդակին չեք հասել։ Ձեր շարքում ոչ ոք չգիտի, ոչ ոք այդ մակարդակին չի հասել։ Իսկ ես ձեզ գիտեմ. արյան անալիզի մակարդակով։ Գիտեմ՝ ինչով եք շնչում, ինչու եք հազում ու փռշտում։ Դուք շատ կանխատեսելի եք և սպառել եք Ձեզ»:


