Փաշինյանը փորձում է կոտրել հնարավոր դիմադրության առանցքը, որը նախագահ Քոչարյանն է ձևավորելու. Ագնեսա Խամոյան
Փաշինյանը փորձում է կոտրել հնարավոր դիմադրության առանցքը, որը նախագահ Քոչարյանն է ձևավորելու: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին ու նրան առնչվող քրեական հետապնդումներին:
«Արդեն չորրորդ անգամ նախագահ Քոչարյանը գտնվում է կալանավայրում, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նախագահի նկատմամբ իրականացվում է դասական քաղաքական հետապնդում, բայց նաև պետք է հասկանալ, թե ինչ պայմաններում է դա իրականացվում: Այն, որ Հայաստանը ըստ էության գտնվում է նոր աշխարհաքաղաքական բախման թատերաբեմում, կարծում եմ ակնհայտ է, ակնհայտ է նաև, որ տնտեսական իրավիճակը նոր սրացումներ է ստանալու և տնտեսական անլուծելի խնդիրները նոր խնդիրների առջև են դնելու Հայաստանի Հանրապետությանը:
Ակնհայտ է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր սրացման փուլ են մտնում, և այս բոլոր իրադարձություններին գումարվում է նաև Ալիևի պահանջով նոր Սահմանադրության ընդունումը և նոր տարածքների զիջումը: Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է կոտրել հնարավոր դիմադրության առանցքը, որը նախագահ Քոչարյանը ձևավորելու է «Հայաստան» դաշինքով: Իր համար նաև ակնհայտ է, որ դիմադրություն է լինելու բոլոր այն գործողությունների նկատմամբ, որը ինքը պատրաստվում է իրականացնել, ուստի այս կալանավորումը հերթական անգամ այդ տրամաբանության շրջանակներում է՝ դիմադրություն կոտրելու համար»,- նշել է Խամոյանը:



