Փաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը կարծում է, որ վարչապետի հայտարարած արտահերթ ընտրությունները Հայաստանում տեղի չեն ունենա։
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը կարծիք է հայտնել, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների չի գնա, նույնիսկ եթե ատրճանակ պահեն գլխին. «ՔՊ-ն նախորդ անգամ էլ չհաղթեց։ (Փաշինյանը) ծախսեց 1 միլիարդ դոլար և հազիվ 49 տոկոս հավաքեց»։ Միաժամանակ, «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է ընտրություններին և պատրաստ է հաղթել։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանին պետականամետ ընդդիմություն է պետք, Կարապետյանը նկատել է, որ երկրին պետականամետ իշխանություն է պետք, իսկ ընդդիմությունը միշտ էլ պետականամետ է։ «Մեր բախտը չի բերել, որ ադրբեջանաթուրքամետ իշխանություն ունենք», — պարզաբանել է քաղաքական գործիչը։ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանի այն կարծիքին, թե լոյալ ընդդիմություն է հարկավոր, Կարապետյանը հակադարձել է՝ նշելով, որ լոյալ իշխանություն է պետք, իսկ ընդդիմությունը պայքարում է ազգային շահերի համար։ Իշխանություններին գնահատական կտա ժողովուրդը, հիշեցրել է Կարապետյանը։
Մեկնաբանելով ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների վերջին ձերբակալությունները՝ քաղաքական գործիչն ընդգծել է, որ կաշառք չեն բաժանել, իսկ տեսանյութում երևացող գումարը նախատեսված է եղել շտաբի ընթացիկ ծախսերի համար։ «Ձեզ էլ երբ փող են տալիս, ասում են՝ «դիր գրպանդ», որ չկորցնեք», — նկատել է Կարապետյանը՝ ընդգծելով գյուղական ավագանու թեկնածուներին կաշառելու վարկածի անհեթեթությունը։ Ճնշումների մասին հարցին Կարապետյանը հարցով է պատասխանել. «Ընտրություններից 5 օր առաջ թիմի անդամներին ձերբակալելը ճնշում չէ՞»։ Կիրանց գյուղում ՔՊ-ի հաղթանակը Կարապետյանը բացատրել է հենց ՔՊ-ի կողմից կաշառք բաժանելով։ Առաջիկա նոր ՏԻՄ ընտրությունների համատեքստում նա չի բացառել նոր ձերբակալությունները, սակայն կրկնել է, որ ինքը վարչապետ է դառնալու։
«Արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Մենք կապահովենք Փաշինյանի հեռացումը», — կեսկատակ խոստացել է Կարապետյանը՝ հավելելով, որ այդ իրադարձության օրվա մասին շուտով կհայտնեն։ ՏԻՄ ընտրություններն իշխանությունների պանիխիդան էին, մի քանի ամսից թաղումը կլինի, նկատել է Կարապետյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք բացահայտվե՞լ է ոճրագործությունը (1999 թ. հոկտեմբերի 27-ի խորհրդարանի գնդակահարությունը), Կարապետյանը տեղի ունեցածը խայտառակություն է անվանել, սակայն կարծիք է հայտնել, որ իշխանությունները չունեն ո՛չ խելք, ո՛չ կարողություն, ո՛չ էլ կամք՝ այն բացահայտելու համար։ «Կազմակերպիչներ եղե՞լ են, թե՞ ոչ՝ կարող են ասել իշխանությունները։ Մենք տվյալներ չունենք, և հայտարարություններ անել չեմ կարող։ Բայց իշխանությունները պետք է հասնեն բացահայտման», — համոզված է Կարապետյանը։
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի երեկվա լկտի հայտարարությունը, թե Հայաստանը «պետք է ներողություն խնդրի» ադրբեջանցի ժողովրդից, Կարապետյանը նկատել է, որ դա ապացույցն է այն բանի, որ Ալիևը կանգ չի առնելու, ինչ էլ որ անի Փաշինյանը, քանի որ Ադրբեջանը խաղաղության նպատակ չի հետապնդում։ Լրագրողի դիտարկմանը, թե խաղաղություն է հաստատվել, սահմանին զինվորներ չեն զոհվում, Կարապետյանը տեղին նկատել է, որ զինվորներ, այնուամենայնիվ, զոհվում են, հարցն այն է՝ ինչ հանգամանքներում։ Նույն ոգով հնչած հարցին, թե երբ են գալու խոստացված (300 հազար) ադրբեջանցիները, Կարապետյանը նշել է, որ երկուսն արդեն եկել են՝ Շաքի գյուղում ընտանիքի վրա հարձակված ադրբեջանցի զինվորը և հովիվը։ «Թող Փաշինյանն ինքը գնա այնտեղ, տեսնենք՝ կվերադարձնե՞ն, թե՞ ոչ։ Կարող է նույնիսկ հովիվ ձևանալ», — խորհուրդ է տվել քաղաքական գործիչը։ Նա վստահեցրել է, որ կողմ է բոլոր հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրմանը. եթե (վերջերս Հայաստանում հայտնվածը) իրոք հովիվ է, ապա, իհարկե, պետք է վերադարձնել, բայց մենք նրանց հայտարարություններից գիտենք, որ հովիվ է, իսկ իրականում՝ ո՞վ գիտի։ Նա նաև վերահաստատել է Շաքիում տուժած Անի Ավետիսյանին հիվանդանոցից տուն վերադառնալուց հետո օգնելու իր խոստումը։
TRIPP-ի մասով քաղաքական գործիչը նույնպես ռիսկեր է տեսնում, մասնավորապես՝ այն «միջանցքի» վերածելու առումով։



