Փաշինյանին հանգիստ չեն տալիս Ֆիլիպինների նախագահի կնոջ կոշիկները․ Օրբելյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հիվանդագին ու ապօրինի է որակել ընդդիմախոսներին «վերջին կոշիկից» զրկելու վարչապետի գաղափարը։
Սեպտեմբերի 23-ի ասուլիսում իրավաբանը հիշեցրել է, որ կառավարության ղեկավարի սահմանադրական պարտականությունը քաղաքացիներին կոշիկով, հագուստով, սննդով և այլնով ապահովելն է, այլ ոչ թե այդ ամենից զրկելու սպառնալիքներ հնչեցնելը։
Կոշիկի մասին հիշատակումը Օրբելյանը կապել է այն հայտնի փաստի հետ, երբ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոսի կնոջ՝ Իմելդա Մարկոսի տանը հայտնաբերվել էր դիզայներական կոշիկների՝ ավելի քան 1000 զույգից բաղկացած հավաքածու։ «Արդյո՞ք սա է խնդիրը, թե՞ փորձում են կամուրջ գցել հայտնի բոթասների հետ»,— նկատել է փաստաբանը՝ հավելելով, որ առանց կոշիկի թողնելու մասին պնդումն ինքնին անառողջ է։
Փաստաբանը կրկին ընդգծել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքների ակնհայտ ապօրինությունը՝ նշելով, որ այս ամենում երկու տեսակի ապօրինի գործողություն կա. որոշ դեպքերում կա օբյեկտը (որը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակին) կնքելու իրավունք, այլ դեպքերում անգամ նման իրավունք չկա։
«Բայց ամենակարևորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը դրանց հետ որևէ աղերս չունի, նա երբեք ձեռնարկատիրությամբ չի զբաղվել։ Զբաղվել է քաղաքականությամբ, եղել է Արցախի և Հայաստանի նախագահ, այնուհետև տևական ժամանակ աշխատել է որպես խոշոր ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ապա նորից զբաղվել է քաղաքականությամբ։ Ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կերպով բիզնեսով չի զբաղվել։ Նրա երեխաները՝ այո, զբաղվում են։ Ինքը ձեռնարկատիրության հետ ոչ մի կապ չունի»,— ընդգծել է փաստաբանը։
Օրբելյանը հիշեցրել է, որ մեղադրանքը հանգում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է կառավարության որոշումները, ինչը պարտավոր էր անել ըստ Սահմանադրության։ «Իբրև թե ինչ-որ նպատակով։ Ուրիշ բան չկա»,— նկատել է փաստաբանը։ Ինչ վերաբերում է Սեդրակ Քոչարյանին, որը երբեք պետական ծառայության պաշտոններ չի զբաղեցրել, այլ 18-19 տարեկանից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա նա իսկապես հաջողության է հասել բիզնեսում, սակայն ոչ ավելի, քան հարյուրավոր կամ հազարավոր այլ հայրենի գործարարներ։
«Իրավական գործընթացների օրինականությունը քննարկելու փոխարեն քննարկվում են ազգակցական կապերը, ինչը վկայում է հիմքերի բացակայության մասին։ Դրա փոխարեն փորձ է արվում տպավորություն ստեղծել և ազդել հույզերի վրա»,— նշել է Օրբելյանը՝ հավելելով, որ կնքված ընկերություններին էական վնաս է հասցվում, որը, որպես հասցված վնասի փոխհատուցում, ստիպված են լինելու վճարել հարկատուները։ «Հերիք չէ պաշտոնյաներին պարգևավճարներ ենք վճարում, հիմա էլ սա ենք ստիպված լինելու անել»,— նշել է Օրբելյանը։



