Փաշինյանի 0-ական կետից սկսելու հայտարարության պատճառով կորցրեցինք Արցախը. Ռոբերտ Քոչարյան
Երբ հասարակության մեջ անդադար քննարկվում են անվտանգության հարցերը, դա ենթագիտակցական ազդակ է այն մասին, որ անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Այս մասին Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործիչը փաստել է, որ 44-օրյա պատերազմից հետո անվտանգությունը դարձել է հիմնական օրակարգը։ «10 տարի ես եղել եմ նախագահ, նման խնդիրներ չեն եղել։ Երբ պարտության խորհրդանիշն է կանգնած երկրի գլխին, երկիրը չի կարող անվտանգ լինել. սա աքսիոմա է»,- հայտարարել է Քոչարյանը՝ երկրում տիրող մթնոլորտն անվանելով թունավոր։
Նա հերքել է իշխանությունների այն պնդումները, թե ինքը, գալով իշխանության, ամեն ինչ սկսելու է զրոյից, աշխատանքից ազատելու է բազմաթիվ ներկայիս պետական ծառայողների կամ մյուսներին զրկելու է աշխատավարձից։ Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ հենց գործող իշխանություններն են ամեն ինչ «զրոյից» սկսել, և բոլորին հայտնի է, թե դա ինչով ավարտվեց՝ պատերազմով, 5 հազար տղաների կորստով ու Արցախի կորստով։ Նրա խոսքով՝ լավ սկսած գործերը շարունակվելու են, իսկ վատերը՝ կանգնեցվելու։ Նա նաև անհեթեթ համարեց իշխանությունների կողմից արված աշխատանքները մշտապես մարդկանց երեսով տալը և նրանց համեմատեց բանկոմատի հետ։
«Երբ բանկոմատից փող ես հանում, շնորհակալություն չես հայտնում չէ՞։ Նույնն էլ իշխանությունների դեպքում է։ Շինարարությունը ֆինանսավորվում է բյուջեից, իսկ բյուջեն ձևավորվում է հարկերից»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
Խոսելով գյուղմթերքի իրացման խնդիրներից՝ Քոչարյանը նշել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են գյուղատնտեսության համար առավելագույնս խնդիրներ ստեղծելու համար։ «Շպագատ նստելը վտանգավոր է, հատկապես, երբ չես կարողանում։ Երկիրը հենց այդպիսի վիճակում է»,- այսպես համեմատեց նա իշխանությունների՝ մի կողմից ԵԱՏՄ-ում մնալու, մյուս կողմից՝ դեպի ԵՄ կուրս վերցնելու փորձերը։ «Եթե նրանք մնան իշխանության, մոռացե՛ք ռուսական շուկայի մասին։ Ռազմավարական գործընկերոջ հետ թշնամություն սկսելը՝ չգիտես թե ինչ նպատակներով, անհասկանալի է»,- նշել է Քոչարյանը։


