երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Փաշինյան, Երևանից տվյալներ դեռ չկան, ինչպե՞ս կարող էիր հաղթել.«Լուսավոր Հայաստան»

Փաշինյան, Երևանից տվյալներ դեռ չկան, ինչպե՞ս կարող էիր հաղթել.«Լուսավոր Հայաստան»

Քվեների հազիվ 10%-ն է մշակվել, իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն անցկացնում է մամուլի ասուլիս և հայտարարում, որ իրենք հաղթել են ու միանձնյա ձևավորում են Կառավարությունը։ Այս մասին հունիսի 8-ին «Facebook»-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։  Նա ծայրահեղ վրդովմունք է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների և ընտրական քվեաթերթիկների հաշվարկի ընթացքի կապակցությամբ։ 

Մարուքյանն ընդգծել է, որ տվյալների մշակման առաջընթացին զուգահեռ իշխող ուժի տոկոսը անշեղորեն նվազում է, և իրական ցուցանիշը, հնարավոր է, արդեն կեսին էլ չհասնի, սակայն երկրի գործող ղեկավարը, միևնույն է, շտապում է իրեն հաղթող հռչակել։ Մարուքյանը վարչապետին հարց է ուղղել, թե ինչու նա համբերություն չի ցուցաբերում մինչև ամբողջական հաշվարկի ավարտը՝ կատարվողը որակելով որպես ընտրական օրենսդրության բոլոր նորմերի ոտնահարում։ Իր ելույթի ընթացքում նա տարակուսանք է հայտնել նաև ընտրական գործընթացի մյուս առանցքային մասնակիցների պասիվության առնչությամբ, որոնք հանձնաժողովներում ունեն իրենց ներկայացուցիչները։ Մարուքյանը հարց է բարձրացրել, թե ինչու մինչ այժմ հստակ արձագանք և այլընտրանքային տվյալներ չկան այնպիսի խոշոր գործիչներից ու դաշինքներից, ինչպիսիք են Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունները։ «Որտե՞ղ են ձեր տվյալները, որտե՞ղ են Երևանի տվյալները։ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է տալիս, իսկ դուք լռում եք ու ոչինչ չե՞ք ասում։ Տղե՛րք, ձայն տվեք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում», - կոչ է արել «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը։ 

Նա հեգնել է, որ մինչ խոշոր ընդդիմադիր ուժերը պասիվ հետևում են իրավիճակին, Փաշինյանն իր մամուլի ասուլիսում արդեն պատմում է Մակրոնի հետ հեռախոսազրույցի և նախարարական աթոռների բաշխման մասին։ Ամփոփելով՝ Էդմոն Մարուքյանը նշել է, որ ինքն անձամբ իր հստակ դիրքորոշումն արդեն հայտնել է և կոչ արել սպասել մյուս քաղաքական ուժերի արձագանքին՝ Հանրապետություն Հայաստանին մաղթելով Աստծո հովանին։

  • Կիսվել: