հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը

Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը

Նորընտիր Բյուրոյին լիազորությունների փոխանցմամբ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) փոխնախագահի պաշտոնում իր գործունեության ժամկետը։ Այս մասին հայտնում է ներկայացուցչությունը։

Ամփոփելով մեկ տարի տևած պաշտոնավարումը՝ դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ այն եղել է հագեցած, պատասխանատու և մասնագիտական առումով անչափ արժեքավոր ժամանակաշրջան։ Փոխնախագահի պաշտոնում նա ստանձնել և նախագահել է ECOSOC-ի Համակարգման հատվածը, Խորհրդի և Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի բազմաթիվ նիստեր, ինչպես նաև որպես բանախոս և մասնակից ներգրավվել Զարգացմանն ուղղված ֆինանսավորման և պարենային համակարգերի ներդրումների, կայուն ենթակառուցվածքների, խաղաղաշինությանը և «ՄԱԿ80» գործընթացին վերաբերող քննարկումներում։

ECOSOC-ի փոխնախագահությունը նաև կարևոր հնարավորություն է ընձեռել ՄԱԿ-ի զարգացման օրակարգում առավել տեսանելի ներկայացնելու Հայաստանի մոտեցումներն՝ ուշադրություն հրավիրելով Դեպի ծով ելք չունեցող զարգացող և միջին եկամուտ ունեցող երկրների առանձնահատուկ մարտահրավերների, կայուն փոխկապակցվածության և լեռնային էկոհամակարգերի կարևորության վրա։

Պաշտոնավարման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Երևանում հյուրընկալելու Հայաստանի նախապատրաստական աշխատանքների ներկայացմանը և առաջմղմանը ՄԱԿ-ի շրջանակներում։

Լիազորությունները փոխանցելով նորընտիր Բյուրոյին՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է բազմակողմ հաստատություններում շարունակականության կարևորությունը՝ որպես դրանց ամրության և արդյունավետ գործունեության առանցքային հիմքերից մեկը։

  • Կիսվել: