երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը

Պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը

Մարտի 18-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

Տիգրան Ավինյանը ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր տեղի է ունենում պարետատան երկրորդ հավաքը: Հիմնականում կքննարկենք գործող դրությունը և նաև այն հանձնարարականների կատարման ընթացքը, որոնք արդեն իսկ տրվել են:

Գիտեք դեռևս երկու օր առաջ արտակարգ դրություն է հայտարարվել  և նույն օրը ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակումներ են կիրառվել հավաքների, մասնավորապես հարսանիքների, նշանդրեքների, նույնիսկ հոգեհանգիստների ու հուղարկավորությունների առումով: Եվ պետք է նաև գնահատենք այդ սահմանափակումների արդյունավետությունը:

Կարծում եմ ամեն մարզպետ ամեն մարզում, ամեն համայնքում իրականացվող միջոցառումների մոնիտորինգը պետք է իրականացնի:

Մենք, իհարկե, կլսենք պարոն Թորոսյանին կորոնավիրուսի վարակի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասով, ինչպես նաև կլսենք նոր առաջարկներ, որոնք կքննարկենք և կկայացնենք համապատասխան որոշումներ»:

Այնուհետև Առողջապահության նախարարը ներկայացրել է վերջին զարգացումները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և թարմ վիճակագրությունը:

Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել է համաձայն պարետի ցուցումի հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը:

Անդրադարձ է կատարվել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին:

Պարետը նշել է, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները:

 
 

Պարետի ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա:

Պարետը նաև կոչ է արել նիստի մասնակիցներին հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց  մասին իրազեկվածությունը:

  • Կիսվել: