«Ով նման հայտարարություն է արել, կհանդիպենք դեռ». Առուշանյանն՝ իր «կոտրվելու» մասին
Շատերի համար ցանկալի է, որ այդ ֆորմատով հանդես գան ու ներկայացնեն, ներկայացնեն, որ իմ հանդեպ քաղաքական հետապնդում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ պայքարը քաղաքական չի եղել, քաղաքական պայքարում են, որ պաշտոն զբաղեցնեն, իրենք ավելի լավ կաշխատեն: Ես պաշտոնի համար չեմ պայքարել։ Ես պայքարել եմ Արցախի համար, մեր հողի համար:
Ես միշտ ցանկացել եմ, որ Գորիսը ավելի լավ սարքվի ու ավելի շեն լինի, ինչը մեզ մոտ ստացվում է: Ամենակարևոր ֆակտորը, որ մեր քաղաքում գաղտնիք չէ, այն է, որ բազմիցս ունեցել ենք վատ մթնոլորտային իրավիճակ: Այսօր մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ գորիսեցիները ասում էին՝ «էս քաղաքում ժամը վեցից հետո մարդ դուրս չի գալիս տնից», բայց այսօր երեկոյան ժամերին կարող եք տեսնել, որ քաղաքն այնքան ուժեղ է, մթնոլորտն այնքան կայուն ու ստաբիլ է, որ բոլորն իրենց ընտանիքների հետ զբոսնում են, մարդիկ սիրում են իրենց քաղաքը»,- ասաց նա:
Հարցին, որն է պատճառը, որ իր պաշտպան Արմեն Մելքոնյանն այլեւս չի պաշտպանում իր շահերը, արդյոք պատճառը տեսակետների միջեւ հակասությունն է, որ նա այս գործը քաղաքական հետապնդում էր որակել եւ մեղադրել Արդարադատության նախարարությունը, Առուշանյանը պատասխանեց. «Անձնական խնդիր չկա Մելքոնյանի հետ, ուղղակի այս գործի բնույթը մի փոքր այլ է: Ես կարծում եմ՝ այլ մարդիկ պետք է զբաղվեն գործով, որևիցե խնդիր չկա իր հետ անձնական դաշտում։ Ինքը անձնական տեսակետ է հայտնել, ես էլ այդ տեսակետը չեմ կիսում, բոլորս կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ»։
Անդրադառնալով նաև ընդդիմադիրների այն հայտարարություններին, որոնք հայտնել են, թե Առուշանյանը «տղայական կերպով կոտրվել է»՝ Առուշանյանը նկատել է. «Ով նման հայտարարություն է արել, կհանդիպենք դեռ, անկախ՝ ով է արել»։
Նա նաև կեղծ է համարել լուրերը, թե միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ «Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, իմ գաղափարների մեջ չեմ կարող կուսակցական լինել, ես մտածում եմ, որ կուսակցությունը պետք է լինի հայ լինելն ու հայ ազգի շահերը պաշտպանելը»։


