«Որեւէ պատերազմ չի կարող լեգիտիմ հիմքեր ունենալ». Ալեն Սիմոնյանը հիշեց ՀՅԴ-ի մասին հայտնի արտահայտությունը
Որեւէ պատերազմ չի կարող լեգիտիմ հիմքեր ունենալ, պատերազմն ինքնին անօրինական է: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, թե ինքը հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ունեցել Արցախի վրա հարձակվելու եւ այդ հիմքերը ՄԱԿ-ի 4 բանաձեւերն են:
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որեւէ պատերազմ չի կարող լեգիտիմ լինել: Դա աբսուրդ է, որեւէ մեկը չի կարող դա ասել, չի կարող լեգիտիմացնել: Նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմն անվանում են «հատուկ ռազմական գործողություն»: Իմ ասածն այն է, որ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա Ադրբեջանն իր գործողություններն իրականացրել է իր տարածքում: Իմ ասածը հետեւյալն էր, որ եթե դա տեղի է ունենում իր լեգիտիմ միջազգայնորեն ճանաչված տարածքում, ապա Հայաստանի հանդեպ ագրեսիան չի կարող լեգիտիմ լինել: Դա էր իմ ասածը, իսկ այն, ինչ իրենք են ասում… դուք չգիտե՞ք, որ ՀՅԴ-ի մասին հայտնի ասացվածք կա, որ ասում են՝ կողմ ըլլալով դեմ են եւ դեմ ըլլալով կողմ են: Հիմա էլ եկել էին, ասում էին՝ չենք մասնակցելու քննարկմանը, մասնակցեցին քննարկմանը, կեսից վեր կացան, գնացին»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը: