ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Օլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. AP

Օլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. AP

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը փոխնախագահ Վենսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտտան։

«Իտալիայից հետո Վենսը կուղևորվի Հայաստան և Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է զարգացնելու համաձայնագիրը, որը նպատակ ունի վերջ դնելու երկու երկրների միջև չորս տասնամյակ տևած հակամարտությանը»,- գրում է Associated Press գործակալությունը՝ չհստակեցնելով, թե որ օրն է ԱՄՆ փոխնախագահը ժամանելու Հայաստան և Ադրբեջան։

Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը իտալական Միլան քաղաքում տեղի է ունենալու փետրվարի 6-ին։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի մասին հունվարի վերջին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին», - Truth Social-ում գրել էր ԱՄՆ նախագահը:

 

  • Կիսվել: