շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ո՞նց կարող է բանակի համազգեստը 15, 20 տարի լինել նույնը․ Փաշինյան

Ո՞նց կարող է բանակի համազգեստը 15, 20 տարի լինել նույնը․ Փաշինյան

Բանակում տեղի ունեցած տեսանելի փոփոխություններից մեկը համազգեստինն է, որը սկսված է, և որը պետք է շարունակվի։ Այս մասին այսօր Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ Պաշտպանության նախարարություն իր այցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, որ մենք որակական նոր համազգեստ ենք ունենալու, որը կարևոր է։ Ընդ որում, դա դեռ նախնական դաշտային համազգեստի նմուշներն են։ Մենք նաև ամենօրյա և տոնական համազգեստներ ենք ունենալու, բոլորովին նոր տրամաբանությամբ։

Ո՞նց կարող է բանակի համազգեստը 15, 20 տարի լինել նույնը։ Ես չեմ ասում, որ անընդհատ պիտի փոխվի, բայց համազգեստին պիտի հինգ տարին մեկ մի նյուանս ավելանա, մի քիչ լավարկվի։ Դա միայն ֆիզիկական մաշվածության խնդիր չէ, նաև բարոյական մաշվածության խնդիր կա և սա համազգեստին չի վերաբերվում, սա վերաբերվում է ամեն ինչին, սա վերաբերվում է բոլորին։ Մենք կարող ենք չփոխվել, բայց աշխարհն է փոխվում, երբ որ մենք փոփոխվող աշխարհում չենք փոխվում, մենք դուրս ենք մնում դրանից, և դա ցավոք, այն է, ինչ մեր պատմության ընթացքում մի քանի անգամ մեզ հետ տեղի է ունեցել։ Որոշել ենք փոխել այդ գործելակերպը»։

Փաշինյանը հավելել է, որ այն վարչապետը, նախարարը, գեներալը, սպան, որը համարում է՝ ինքը ամեն ինչ գիտի, հենց այդ պահից դադարում է լինել պրոֆեսիոնալ, հենց այդ պահից ինքը այլևս չի կարող համապատասխան լինել իր ծառայությանը։

ՀՀ վարչապետը շեշտել է, որ սա պետք է դառնա այն տրամաբանությունը, որը պետք է գերակա լինի Հայաստանում:

«Առաջին անգամ զգում եմ, որ մեր բանակում այս տրամաբանությունը կա, տրամադրությունը ամենակարևորն է»,-ասել է Փաշինյանը:

  • Կիսվել: