Նոր Սահմանադրության նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով
Հայաստանի կառավարության ներկայացրած նոր Սահմանադրության նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության դիտարկումներին, թե նոր Սահմանադրությամբ ամրագրված մի շարք դրույթներ բացառում են Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացը:
«Նախագիծն ուղարկվելու է Վենետիկի հանձնաժողով՝ այդ հարցերին պատասխան տալու համար, կպատասխանի՝ կտեսնենք»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 23-ին հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը, որի շուրջ արդեն իսկ հանրային լայն քննարկումներ են սկսվել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հայտարարել է, որ Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն մինչև 2027 թվականի գարուն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ քննարկումների արդյունքներով Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, սակայն այն չի կարող դուրս գալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տրամաբանությունից։



