Նոր միջանցքը չպետք է խոչընդոտի Իրանի մուտքն այլ տարանցիկ ուղիներ. Արաղչին՝ Միրզոյանին
Իր հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր որոշման և գործողության մեջ անհրաժեշտ է հարգել երկրների ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, գրում է parstoday.ir-ը:
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աբբաս Արաղչիին տեղեկացրել է տարածաշրջանային վերջին զարգացումների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կնքված խաղաղության համաձայնագրի, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և հաղորդակցության զարգացման մասին: Նա Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները բնութագրել է որպես «բարեկամական և բարիդրացիության վրա հիմնված» և ընդգծել, որ Երևանը առաջնահերթություն է տալիս այդ հարաբերություններին և հատուկ նշանակություն է տալիս դրանց։
Ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը՝ Արաղչին անդրադարձել է Իրանի մտահոգություններին՝ կապված հաղորդակցության ուղիների հետ և ընդգծել, որ այդ ուղիները չպետք է հանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությունների կամ Իրանի մուտքը այլ հաղորդակցության ուղիներ կտրելուն։
Նա ասել է․ «Բոլոր որոշումներում պետք է հարգվի երկրների ազգային ինքնիշխանութունը և տարածքային ամբողջականությունը»։
Նա նաև անդրադարձել է տարածաշրջանի կայունության և անվտանգության վերաբերյալ մտահոգություններին, նշելով, որ այդ հարցերը պետք է լինեն ցանկացած ծրագրի կամ համաձայնագրի պահանջ։
Արաղչիի խոսքով՝ ստեղծված իրավիճակի որևէ փոփոխություն չպետք է սպառնա հարևան երկրների անվտանգությանը, իսկ տրանսպորտային նախագծերը պետք է ընթանան բոլոր կողմերի շահերին համապատասխան։
Միրզոյանը, գնահատելով Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության և աշխարհաքաղաքական զգայունություններին ուշադրություն դարձնելու հարցում, ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։ Նա վստահեցրել է, որ Երևանը հաշվի կառնի Իրանի և Հայաստանի փոխադարձ շահերն ու մտահոգությունները տրանսպորտային ուղիների վերաբերյալ որոշումներ կայացնելիս, և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։


