Նման «խաղաղության պայմանագիրը» էթնիկ զտման լեգիտիմացում է և նոր պատերազմի նախապատրաստություն. Համբարյան
Խաղաղության կոչերը պետք է ենթադրեն իրական և արդար խաղաղություն։ Սակայն այն, ինչ այսօր Վաշինգտոնում փորձում են ներկայացնել որպես «խաղաղության համաձայնագիր», իրականում Ադրբեջանի հանցագործությունների պահպանություն է, անցյալ պատերազմի լեգիտիմացում և հաջորդը սկսելու քարտ-բլանշ։ Այս մասին Կապիտոլիումի բլրի վրա կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
ANCA-ի ղեկավարը շեշտել է, որ պարտադրվող կեղծ խաղաղությունը ամրագրում է Բաքվի տարածքային ձեռքբերումները, զրկում է փախստականներին իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքից և փաստացի ազատ ժողովրդին փակում է իր պատմական հայրենիքից դուրս։ Ավելին, նման սցենարը խրախուսում է ագրեսորին ամերիկացի հարկատուների միջոցներով։ «Հիշեք իմ խոսքերը․ Ադրբեջանի նոր պատերազմը կֆինանսավորվի ամերիկյան ռեսուրսների հաշվին՝ հակառակ ԱՄՆ շահերին, ինչը կհանգեցնի էլ ավելի մեծ տարածքային կորուստների»,– նախազգուշացրել է Համբարյանը։
Նա առանձնապես ընդգծել է, որ Բաքվի ագրեսիվ քաղաքականության անբաժանելի մասը օկուպացված տարածքներում քրիստոնեական սրբավայրերի և մշակութային-պատմական ժառանգության ծրագրավորված ոչնչացումն է։ Նրա խոսքով՝ իրական խաղաղությունը չի կառուցվում բռնապետությանը զիջումների վրա, այլ պահանջում է Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման ուղղությամբ կոնկրետ քայլեր՝ սկսած Վաշինգտոնից։
Արամ Համբարյանը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը անհապաղ գործի դնել ճնշման կոշտ լծակներ՝ ապահովել 907-րդ ուղղման լիարժեք կիրառումը, ուղիղ պատժամիջոցներ սահմանել Բաքվի ռեժիմի նկատմամբ և պահանջել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, որոնք արդեն 1000 օր է՝ ապօրինաբար պահվում են պատանդի կարգավիճակում։
«Արդարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունն այն իրական աղյուսներն են, որոնցից պետք է կառուցվի իսկական և երկարատև խաղաղությունը։ Եվ մենք չենք նահանջի այս պայքարից»,– եզրափակել է ANCA-ի գործադիր տնօրենը։


