Նիկոլ Փաշինյան. Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի՝ Սիրիա ներխուժմանը։
«Երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը։ Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն և այդ առաքելությունը շարունակելու է իրականացնել։
Վարչապետը հայտնեց, որ կառավարության նիստից հետո դռնփակ ռեժիմում կքննարկեն և մտքեր կփոխանակեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումների և Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ: