Մնացականյանն ու Լավրովն ընդգծել են ՀՀ և ՌԴ միջեւ փոխգործակցության բարձր ինտենսիվությունը
Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը Աշխաբադում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում քննարկել են երկու երկրների առաջնորդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Աշխաբադում ԱՊՀ ԱԳՆԽ շրջանակում լավ հնարավորություն ունենք քննարկելու երկկողմ հանդիպումն ու մեր առաջնորդների՝ ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Մենք ինտենսիվ երկխոսություն ենք վարում առաջին դեմքերի, արտաքին գործերի նախարարների, արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակիցների մակարդակով՝ դրան գումարած ինտենսիվ տնտեսական համագործակցությունը: Այնպես որ, այսօր մենք կարող ենք քննարկել, թե ինչ կարելի է անել, որպեսզի ամեն ինչ առանց խափանումների ընթանա»,-հանդիպման ժամանակ| ասել է Լավրովը:
Նա նաև նշել է. «Անշուշտ, սա լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՄԱԿ-ում, եւ, իհարկե, հետխորհրդային տարածքի մեր ինտեգրացիոն միավորումներում»:
Զ. Մնացականյանն ընդգծել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության բարձր ինտենսիվությունը: Ըստ նրա՝ երկու երկրների միջեւ «ինչպես միջազգային, այնպես էլ երկկողմ հարաբերությունների օրակարգի բոլոր հարցերի շուրջ դրական փոխանակում է ընթանում»: