Միրզոյանի զեկույցը ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ամբողջությամբ
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որտեղ հանդես է եկել զեկույցով։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի ելույթն ամբողջությամբ, ինչպես նաև պատգամավորներից ստացված հարցերի պատասխանները:
«Ուրախ եմ այս հնարավորության համար։
Ճիշտն ասած մենք ծավալուն զեկույց ենք պատրաստել՝ մանրամասն անդրադառնալով արտաքին գործերի նախարարության կողմից 2024թ․ կատարված աշխատանքների և 2025թ. ծրագրային, բյուջետավորման համատեքստում նախանշվելիք աշխատանքների վերաբերյալ՝ համադրելով որոշակի բյուջետային ցուցանիշների հետ, բայց փորձը ցույց է տալիս որ թե՛ բյուջեի նախագծի կամ կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունների ժամանակ, երբ այդպես, այդ կարգի ծավալուն ելույթներ եմ ունենում, իմ կողմից նշվող ուղղություններից կամ բովանդակության 99% չի հետաքրքրում պատգամավորներին և հարցերը շատ կոնկրետ մասնավոր մի ենթատեքստով, մի ուղղությամբ են, ըստ էության։ Եվ ես ձեզ և մեզ բոլորիս կձեռբազատեմ առանձին մանրամասների քննարկումից: Իհարկե, բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, տեղեկատվությունը հասանելի է տարվա ընթացքում էլ հրապարակային է, և մեր հաշվետվություններում էլ կլինեն:
Այնուամենայնիվ, ամփոփ պետք է, իհարկե, անդրադառնամ մեր բյուջեի կատարման համատեքստում արտաքին գործերի նախարարության ջանքերին, որոնք իհարկե, նախևառաջ, ուղղված են, և 2025 թվականին էլ է այդպես շարունակելու լինել, Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ և կայուն միջավայրի ձևավորմանը։ Սա առաջին հերթին, իհարկե, նշանակում է մեր տարածաշրջանում մեր հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը, այն դեպքում, երբ որ դրանք կարգավորման կարիք ունեն, և զարգացմանը, այն դեպքում, երբ որ դրանք կարգավորված են, ունենք լավ հարաբերություններ: Բայց մենք նայում ենք նույնիսկ այդ լավից անդին և, իհարկե, հասկանալիորեն ուզում ենք զարգացնենք մեր հարաբերությունները մեր հարևանների հետ։
Բնականաբար, առաջին հերթին խոսում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, և պետք է ասենք, որ 2024 թվականին այստեղ եղել է շատ շոշափելի արդյունք, առաջին հերթին միջպետական սահմանի սահմանազատման կոնկրետ դեպքով, կամ ուղղությամբ, կամ համատեքստում։ Մենք ապրիլին ստորագրել ենք փաստաթուղթ 2 հանձնաժողովների ղեկավարների, ըստ էության, փոխվարչապետերի միջև, և ապա ստորագրվել է հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը վավերացվել է արդեն ՀՀ ԱԺ կողմից, իրենց կողմից էլ՝ ադրբեջանական կողմից էլ, իրենց համապատասխան ընթացակարգերն է անցել։ Եվ առաջիկայում, ըստ էության, կողմերը պաշտոնապես միմյանց կծանուցեն կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որից հետո արդեն 2024թ․ այս մնացած ժամանակահատվածում և 2025թ. մենք, հուսամ, և որևէ բան այս պահին խանգարող ինձ չի երևում, սահմանազատման աշխատանքները կշարունակվեն, բնականաբար որքան արագ և արդյունավետ, այնքան լավ։
Իհարկե, հաջորդ կարևոր ուղղությունը, որի շուրջ տարվա ընթացքում էական ջանքեր են գործադրվել մեր կողմից, հատկապես կառուցողական ջանքեր, դա խաղաղության պայմանագիրն է, այսպես պայմանական ենք ասում խաղաղության պայմանագիր, գիտեք, որ նախագծում եղած պաշտոնական վերնագիրը մի փոքր այլ է, մի փոքր երկար է։ Ահա խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ուղղությամբ տեղեկատվությունը հանրային է, այն մասին, որ մեր վերջին առաջարկն, ըստ էության, եղել է գործընթացն արագացնելու, հնարավորինս շուտ էական արդյունք՝ ստորագրման տեսքով արդյունք, ունենալու համար բոլոր հնարավոր առաջարկները, որոնց շուրջ թե՛ մեր, թե՛ իրենց առաջարկները, որոնց շուրջ չկա փոխադարձ համաձայնություն, այդ առաջարկները դուրս թողել տեքստից և այն, ինչ որ արդեն իսկ համաձայնեցված է, տանել ստորագրման։ Այս առաջարկը, դատելով հրապարակային արձագանքներից և նաև շփումների ընթացքում, այսպես ասած մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից։ Եվ հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա ևս մեկ-երկու ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք, սա էլ բանակցային նորմալ գործընթաց է։ Կրկին, ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ, բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը. պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաև համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։
Գաղտնիք չի, որ ադրբեջանական կողմը տարվա ընթացքում բազմիցս խոսել է և, ըստ էության, պայման կամ նախապայման, եթե կուզեք, առաջադրել հայկական կողմին այն մասին, որ ՀՀ սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն, և այստեղ մենք իհարկե, որպես արդեն շատ կոնկրետ և հզոր ապացույց, ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, որը քիչ առաջ հիշատակածս կանոնակարգի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ վճիռը կայացնելիս և որոշման մեջ արձանագրեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչը, ըստ էության, նշանակում է, որ Ալմա-Աթայի հռչակագրով նախանշվածը, այն է՝ Սովետական Միության գոյության վերջին տարիներին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի ԽՍՀ մինչև եղած սահմանների հիման վրա այժմ արդեն անկախ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական սահմանների սահմանազատումը սահմանադրական է, և այդ սահմաններից այն կողմ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային պահանջներ։ Սա, ինչպես նշեցի, գալիս է փարատելու բոլոր հնարավոր այդ կարգի մտահոգությունները։
Մյուս ուղղությունն, իհարկե, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է։ Այս առումով ևս քայլեր են արվել։ Հրապարակային է տեղեկատվությունը, դուք գիտեք, որ մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք, ըստ էության, այսպես կիսապաշտոնական կերպով ողջունվել են նաև։ Սա ասում եմ ցույց տալու, որ այստեղ ևս որոշակի դրական մթնոլորտ կա, և մենք կշարունակենք առաջիկայում ադրբեջանական կողմի հետ աշխատանքները նաև ապաշրջափակման հարցում, այն հարցերում, որտեղ հնարավոր է այս փուլում գալ ընդհանուր համաձայնության։ Իհարկե, գիտեք մեր սկզբունքներն այս առումով՝ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն, պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համապատասխան, այսինքն գտնվեն իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, և ամեն ինչ պետք է արվի փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա։ Նաև քաջատեղյակ եք, որ այս սկզբունքներն արտացոլված են ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում։ Ուրախ եմ ասել, եթե չեք նկատել, բայց հուսով եմ նկատել եք, որ բազմաթիվ երկրներ և միջազգային գործընկերներ ողջունել են «Խաղաղության խաչմերուկ»-ը և ենթադրում են, որ այն կարող է մաս կազմել ավելի լայն լոգիստիկ գլոբալ, եթե կուզեք, ցանցերի կամ նոր նախագծերի։ Եվ «Խաղաղության խաչմերուկ»-ն է այն տեսլականը, որի մեջ մենք նաև տեսնում ենք Ադրբեջան և Հայաստան տրանսպորտային լոգիստիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը։
Պետք է ասեմ, որ նաև, ըստ էության, նույն ոգով, բայց նաև զուտ երկկողմ իմաստով կարևորելով մեր հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ մենք նույն խաչմերուկի տրամաբանությամբ, արդեն ասեցի, նաև քննարկում ենք և զարգացումներ ունենք և ապագայում էլ կունենանք Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ դյուրինացնելու տրանսպորտային անցումները երկու երկրների միջև, խրախուսելու այդ անցումները։
Շարունակությունը՝ այստեղ: