շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկվել է «Արդարադատություն քաղաքացիների և բիզնեսի համար» ծրագրի նախագիծը

Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկվել է «Արդարադատություն քաղաքացիների և բիզնեսի համար» ծրագրի նախագիծը

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անահիտ Աբրահամյանը, Արմենուհի Հարությունյանը, Էդգար Հովհաննիսյանը, Դատական դեպարտամենտի ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ մայիսի 16-ին աշխատանքային քննարկում են անցկացրել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝ կառավարման ավագ մասնագետներ և JUST-ի առաջադրանքի և ռազմավարական պլանավորման առաջադրանքի թիմի ղեկավարներ Դանիելա Ֆելկմանի, Եվա Մելիսի, հանրային հատվածի մասնագետ Նանե Հարությունյանի հետ։

Ինչպես տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդից, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները գործընկերներին են ներկայացրել դատաիրավական բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության հետ մշակված և 2026 թվականին մեկնարկելիք «Արդարադատություն քաղաքացիների և բիզնեսի համար» (JUST) հնգամյա ծրագրի նախապատրաստման և ռազմավարական պլանավորման նպատակներն ու առաջնահերթությունները։

Ծրագրի հիմնական բաղադրիչով նախատեսվում է իրականացնել դատարանաշինության և դատարանների վերամոդելավորման, թվայնացման գործընթացը։ Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում տվյալ գործընթացին վերաբերող մանրամասների քննարկումն է եղել։ Ըստ աղբյուրի՝ պատասխանելով ԲԴԽ անդամների հարցերին՝ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն անդրադարձել են ծրագրի ուղղություններին, ժամկետներին, մշտադիտարկման փուլերին և ձևերին։

Հատուկ ուշադրություն է հրավիրվել իրականացվելիք աշխատանքների ելակետային տվյալներին, գնահատման ցուցիչներին, նախատեսվող կատարողականի և վերջնարդյունքի համադրման ճշգրտությանը, միջանկյալ վերանայման հնարավորությանը։

Նշվում է, որ քննարկման առարկա է դարձել նաև ծրագրի չափելիությունը երաշխավորող գործիքակազմի առկայությունը։ Հանդիպման ավարտին պայմանավո.րվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքների ձևաչափի և ժամկետների վերաբերյալ։  

  • Կիսվել: