երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մինչ օրս չեք կարողանում մարսել 44-օրյա պատերազմից հետո ժողովրդի՝ մեզ տված քվեն. Աղաջանյանը՝ ընդդիմությանը

Մինչ օրս չեք կարողանում մարսել 44-օրյա պատերազմից հետո ժողովրդի՝ մեզ տված քվեն. Աղաջանյանը՝ ընդդիմությանը

Ձեր քաղաքական սնանկության՝ ձեր իսկ փորած փոսից դուրս գալու անկարողության գլխավոր պատճառն այն է, որ մինչ օրս չեք կարողանում մարսել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ժողովրդի՝ մեզ տված քվեն: Դրա հոգեբանական պատճառը ձեր ինքնահայեցողության ունակության բացակայությունն է: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը:

«Դուք այդպես էլ չհասկացաք, որ ընտրությունների նման արդյունքների գլխավոր պատճառը ձեր նման իշխանության գալու սարսափելի հեռանկարն էր: Հետևաբար, քանի դեռ դուք հիմնավոր վերանայման չեք ենթարկում ձեր խոսույթը, չեք դառնում իսկապես կառուցողական ընդդիմություն, չեք խոսում ժողովրդի անունից և չեք լքում քաղաքական դաշտը, քաղաքական ստատուս քվոն երբեք չի փոխվելու, որովհետև ՔՊ-ն՝ իր բոլոր բացասական դրսևորումներով, երբեք, ասում եմ՝ երբե՛ք, ձեզնից վատը չի դառնա: Հետևաբար, եթե շատ եք ուզում իշխանազրկել ՔՊ-ին, նվազագույնը, որ կարող եք անել, լքելն է քաղաքական դաշտը:

Ըստ այդմ՝ հորդորում եմ վերանայել ձեր գործելակերպը, դադարեցնել երեսպաշտությունը և ներգրավվել իսկապես կառուցողական քննարկումների մեջ: Հավատացե՛ք՝ դրանից կշահենք բոլորս, ամենակարևորը՝ ՀՀ-ն»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի մահափորձի գործին, Էդուարդ Աղաջանյանը նախ հիշեցրեց՝ դեպքը գործող իշխանության օրոք է տեղի ունեցել, ապա խոսքն ուղղելով իրավապահ համակարգի ներկայացուցիչներին՝ ընդգծեց. «Հինգ տարին բավականին երկար ժամկետ է, որպեսզի մինչ օրս մեր իրավապահ համակարգը սպանության փորձի մասնակիցների նույնականացման փուլում լինի, որովհետև այս տեմպերով, հավանաբար, այս գործերով ևս վաղեմության ժամկետները կլրանան»:

  • Կիսվել: