հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Մեծ վնասներ են հասցվում պետբյուջեին․ Տոնոյանը՝ Ծառուկյանի բիզնեսի չաշխատելու մասին

Մեծ վնասներ են հասցվում պետբյուջեին․ Տոնոյանը՝ Ծառուկյանի բիզնեսի չաշխատելու մասին

«Մուլտի կոնցեռնի» կազմում ընդգրկված ընկերությունների չաշխատելու հետևանքով մեծ վնասներ են հասցվում երկրի պետական բյուջեին։ Այսօր «Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի» ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Եթե մեկ ընկերության օրինակով խոսենք՝ «Մուլտի տաբակը» վերջին 2 ամիսների ընթացքում շուրջ 4 միլիարդ դրամի վնաս է կրել։ Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, թե որքան հարկեր և տուրքեր կարող էին այդ գումարից վճարվել պետական բյուջե․․․ Ցանկացած գնով ցանկալի տեսարաններին և պատկերներին ականատես լինելու, անձնական վրեժխնդրությունը գագաթնակետին հասցնելու ցանկությունը թերևս այնքան մեծ է այս իշխանության մոտ, որ իրենք այդ հանգամանքին էլ ուշադրություն չեն դարձնում, որ ահռելի մեծ վնասներ են հասցվում պետական բյուջեին նաև հարկերի հավաքագրման մասով»,- նշեց Տոնոյանը։
Նրա խոսքով՝ «Շանգրի Լա» խաղատունն, օրինակ, տարեկան շուրջ 5 միլիարդ դրամ հարկ է վճարում։ «Փարավոն» հյուրանոցային, ռեստորանային համալիրը, «Մուլտի Գրանդը» միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեն, ըստ այդմ էլ՝ մեծ հարկեր են վճարում։
Ըստ նրա՝ մինչ օրս բոլոր ընկերությունները կապարակնքված են, բացառությամբ պետականացված «Արարատցեմենտ» և Երևանի Արարատ կոնյակի- գինու-օղու կոմբինատի և Երևանի քաղաքապետարանին հանձնված «Մուլտի Ուելնես»-ից։ Տոնոյանը շեշտեց, որ այս համատեքստում երկու վարույթներ են նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի կոմիտեի դեմ։
Ինչ վերաբերում է «Արարատցեմենտ»-ին, Տոնոյանի խոսքով՝ արդեն իսկ 20 տոկոսով ցեմենտի գինը բարձրացել է, ինչն անդրադառնալու է նաև երկրում ընթացող շինարարական աշխատանքների, բնակարանների գների վրա։ Ըստ նրա՝ սա խոսում է ոչ արդյունավետ մենեջմենթի մասին։ Ինչ վերաբերում է կոմբինատին, Տոնոյանի տեղեկություններով՝ այնտեղ էլ զանգվածային կրճատումներ են։
«Մուլտի կոնցեռնի» ընկերությունների չաշխատելու հետևանքով շուրջ 10 հազար մարդ շարունակում է հարկադիր պարապուրդում լինել՝ զրկված աշխատելու և ապրուստը վաստակելու հնարավորությունից։

  • Կիսվել: