Մերձավոր Արեւելքում հակամարտությունը մեզ համար փակուղային խնդիր է դարձել. Ֆոն դեր Լայեն
Վերջին չորս տարիների ընթացքում մենք հասկացանք, թե որքան խոցելի և չափազանց կախված ենք, և դա ցավալի գիտակցում է։ Այս մասին մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա պարզաբանել է, որ առաջին մեծ կախվածությունը կապված է հանածո վառելիքի ներմուծման հետ։ Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ էներգետիկան միշտ էլ խոչընդոտ է եղել Եվրոպական միության ներքին շուկայում, սակայն այժմ, Մերձավոր Արևելքում հակամարտության պայմաններում, այն դարձել է խոցելի կետ, և ստեղծվել է փակուղային իրավիճակ։ Նրա գնահատմամբ՝ հենց էներգակիրների համաշխարհային գներից չափազանց կախվածությունն է ցավալիորեն վնասում ԵՄ մրցունակությանը։ «Սակայն մենք ունենք մեր սեփական ակտիվները՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներ՝ քամուց և արևից մինչև հիդրոէներգետիկա և միջուկային էներգետիկա։ Եվ մենք պետք է զգալիորեն ամրապնդենք մեր էներգետիկ անկախությունը, այն դարձնենք ավելի հուսալի, ավելի էժան և կանխատեսելի», - նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Երկրորդ կախվածությունը, ըստ նրա, առնչվում է անվտանգությանը։ Նա ընդգծել է, որ վերջին չորս տարիների պատմությունը ցույց է տվել՝ սեփական իրավունքները պաշտպանելու անհրաժեշտություն։ «Հենց այդ պատճառով մենք մինչև 2030 թվականը մոտ 800 միլիարդ եվրո ենք հատկացրել անվտանգության ոլորտի բացերը լրացնելու համար։ Չափազանց կարևոր է, որ մենք լինենք ավելի անկախ և կարողանանք ստեղծել զսպման հուսալի մեխանիզմ։ Սա այն խնդիրն է, որի շուրջ բոլորս հավաքվել ենք այստեղ՝ Ուկրաինայի հետ միասին շատ ավելի հաստատուն, հզոր և հուսալի անվտանգություն ապահովելու համար»,- նշել է Ֆոն դեր Լայենը։
Նա հավելել է, որ եվրոպական անկախությունը չի նշանակում մեկուսացում։ «Ընդհակառակը, դա նշանակում է կապեր հաստատել նույնանման արժեքներ դավանող գործընկերների հետ, քանի որ մեզ անհրաժեշտ են մատակարարման կայուն ու վստահելի շղթաներ։ Այդ իսկ պատճառով վերջին տարիներին մենք զգալիորեն ընդլայնել ենք Լատինական Ամերիկայի, Հնդկաստանի և Ավստրալիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի մեր ցանցը։ Շուտով համաձայնագիր կստորագրենք նաև Մեքսիկայի հետ։ Մենք ունենք ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհի ամենամեծ ցանցը և պետք է օգտագործենք այն՝ մեր անկախությունն ու մատակարարման հուսալի շղթաներն ապահովելու համար»,- եզրափակել է Ֆոն դեր Լեյենը։


