Մեր սահմանային ուղեկալների հետ խնդիր ունենք, որը պետք է լուծում ստանա. Անդրանիկ Քոչարյանը՝ Շաքիի դեպքի մասին
Նշանակում է՝ մեր սահմանային ուղեկալների հետ խնդիր ունենք, որը պետք է լուծում ստանա, այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է Շաքի գյուղում:
Լրագրողի դիտարկմանը, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի խորքն է հասել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ժամանակին մենք էլ հասնում էինք, մարդ ենք բերել։ Հատուկ ծառայությունները, եթե նպատակ ունենան, ուր ասես՝ կհասնեն։ Իհարկե, ո՛չ համազգեստով, ո՛չ էդ ձևով, ո՛չ ինքնաձիգով»:
Ըստ իշխանական պատգամավորի՝ հիմա մի իրողության հետ ենք առնչվել, որը պետք է ապագայում բացառել, որովհետև ադրբեջանցի զինծառայողը 2 օր եղել է ոչ միայն տարածքում, այլև՝ մեր քաղաքացու բնակարանում:



