չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Մեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է պերմանենտ հանրահավաք նախաձեռնել. Հարությունյան

Մեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է պերմանենտ հանրահավաք նախաձեռնել. Հարությունյան

Ներկա փուլում, առանց չափազանցության, մեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է ճնշում գործադրել և պերմանենտ հանրահավաք նախաձեռնել նրանց նկատմաբ: Այս մասին ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Ներկա փուլում, առանց չափազանցության, մեր պետության ապագան որոշվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում։

Գիտակցու՞մ են արդյոք ԿԸՀ- ի անդամները իրենց այդ պատասխանատվությունը։ Կասկածելի է և դրա համար բոլոր հիմքերը կան։ Ուստի հանրային ճնշման գլխավոր թիրախը այս պահին պետք է լինի այդ կառույցը, նրա նախագահն ու անդամները։

 

Անհրաժեշտ է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովից պահանջել, որպեսզի ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերի պատգամավորության թեկնածուները (յուրաքանչյուրից մեկ հոգի) ներկա գտնվեն և անարգել հետեվեն ձայների վերահաշվարկին։ Առավել ևս, որ այդ պահանջը չի հակասում գործող օրենսդրությանը։

ԿԸՀ-ի անդամները պետք է հայտնվեն հանրային լուրջ ճնշման տակ։ Ընտրակեղծիքների արդեն հայտնի փաստերով հանցագործության վերաբերյալ պետք է հաղորդում ներկայացնել դատախազություն՝ պահանջով քրեական պատասխանատվության ենթարկել ԿԸՀ- ի նախագահ Վահագն Հովակիմյանին։

Հանրային պայքարի կազմակերպման տեսակետից, կարծում եմ, նպատակահարմար է նախաձեռնել ընդդիմադիր ուժերի համակիրների պերմանենտ հանրահավաք (նման փորձ նախկինում եղել է), օգտագործելով այն ԿԸՀ-ում ձայների վերջնահաշվարկի ընթացքի և փաստերի հանրայնացման համար։

Այդ նախաձեռնությունը կնպաստի նաև հասարակության կոնսոլիդացմանը և այն քաղաքական կապիտալի վերածելուն։ Անգործությունը անթույլատրելի է»։

  • Կիսվել: