Մենք պարզապես տեսնում ենք շենք, դրոշ, «Եվրոպական Միության պատվիրակություն» գրվածքը և հասկանում, որ բացարձակ անգործություն է. «Նիկոլ Աղբալյան» միության վարչության անդամ
Այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միությունը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի առջև բողոքի ակցիա է կազմակերպել, որով փորձում է ԵՄ ուշադրությունը սևեռել Հայաստանում ազատազրկված անձանց խնդրի վրա:
«Եթե ՄԱԿ-ի գրասենյակի առջև մենք խոսում էինք Բաքվում ապօրինի պահվող Արցախի քաղաքական ղեկավարության և առհասարակ քաղաբանտարկյալների վերաբերյալ, այստեղ խնդիրն այլ է։ Մենք պարզապես տեսնում ենք շենք, դրոշ, տեսնում ենք «Եվրոպական Միության պատվիրակություն» գրվածքը և հասկանում, որ բացարձակ անգործություն է, կամ ուղղակի գործունեություն է ծավալվում այն թեզերի շուրջ, տարածվում են միայն այն հայտարարությունները, որոնք այսօր հաճո են ՀՀ իշխանություններին և անձամբ իրենց»,-բողոքի ակցիայի ժամանակ ասել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Վարդան Գալստյանը:
Նա նշել է, որ այդ գործունեությունն ընդունելի չէ իրենց կողմից:
«Մենք հասկանում ենք, որ տարբեր իրավապաշտպան կառույցներ, միջազգային փաստաբաններ այս հարցի շուրջ խոսում են, բայց կոնկրետ, նորից եմ կրկնում, մեր այստեղ գտնվելու իմաստը ոչ միայն հարցի բարձրաձայնում է, այլև ուշադրությանը սևեռումը Եվրոմիությանն ու Եվրոպական խորհրդին»,-նշել է Գալստյանը:


