երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր «սև ցուցակում» գտնվելը ավելի է սևանում. Փաշինյան

Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր «սև ցուցակում» գտնվելը ավելի է սևանում. Փաշինյան

Առաջին տեղում գիտելիքն է. հիդրոպոնիկն էլ, սերմնավորումն էլ, կերն էլ գիրք են, և եթե այդ գիրքը չես կարողանում կարդալ, տառերը չգիտես, ի՞նչ կապ ունի, այդ կերը կա թե չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ գիրքը ինչ-որ մի տեղ դարակում դրած է, եթե նախ  չգիտես որ դա գիրք է, երկրորդ՝ ձեռքդ չես պարզել, չես վերցրել, չես կարդացել, ի՞նչ կապ ունի, ուզում եք 62 հատ կառավարության ծրագիր ներկայացնենք։ Այն օրը ես մի հանդիպման ժամանակ շատ հետաքրքիր խոսակցություն եմ ունեցել: Հանդիպման մասնակիցներից մեկը հարց բարձրացրեց, ասաց՝ իմ ընտանիքը 30 թե 60 մեղվափեթակ ունի, որը ժառանգություն ենք ստացել մեր պապիկից և տատիկից, հիմա խնդրում ենք աջակցություն, որ այդ մեղվաընտանիքը վերականգնվի, քանի որ չկա այդ մեղվաընտանիքը: Այսինքն մեղուն գիրք է, որը պետք է կարդաս։ Հիմա կարանք ասենք՝ շատ լավ, տանք 50 միլիոն դրամ, 60 միլիոն դրամ, բայց եթե այդ գիրքը կարդացված չէ, այդ նույն պատմությունն է կրկնվելու:

Սա շատ կարևոր նաև քաղաքական քննարկում է: Մենք 2018-ին խեղճ մարդու, բանի անճար մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում որպես այդպիսին։ Սրա մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա և մեր ծրագրերի էվոլյուցիան դրա մասին է վկայում: Մենք 2018 թվականից ասել ենք, որ աղքատությունը հաղթահարվում է մենակ աշխատանքով։ Աշխատանքը բերում է աղքատության հաղթահարման, եթե արդյունավետ աշխատանք է, որովհետև եթե աշխատանքը արդյունավետ չի, գիտելիքահենք չի, դա նման է նրան, որ մեքենան ցեխի մեջ է, շարժիչը միլիոնի տակ աշխատում է, բայց առաջ չի գնում և արդյունքում մատոռը խփելու է»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց. «Այսքան շատ, որ կրթության մասին խոսում ենք, մարդիկ կասեն՝ մարդիկ հաց չունեն, սրանք եկել են ինչի մասին են խոսում: Ամեն օր դրա հետ ես առնչվում եմ, մարդը սոված է, մենք, իհարկե, կարեկից ենք,  աջակցում ենք, որ այդ մարդը հաց ունենա։ Բայց հաջորդ օրը պարզում ենք, որ ինքը էլի հաց չունի։ Երկրորդ օրն էլ, երրորդ օրն էլ ենք հաց տալիս, 4-րդ օրը հետաքրքրվում ենք, էլի հաց չունի: Ի՞նչն է սրա վերջը։ Սրա վերջն էն է, որ պետք է կարողանանք մարդկանց աջակցել, որ մարդը ինքը իրենով զբաղվի, ուրիշ տարբերակ չկա։

Երբ որ ասում եմ՝ աղքատությունը մեր մտքում է, մեր գլխում է, այս նկատի ունեմ նաև: Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր «սև ցուցակում» գտնվելը ավելի սևանում է»:

  • Կիսվել: