շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Մենք գյումրեցիներից չենք խռովում. 17,200 ձայն ունեցող խմբակցություն և անձնավորություն եմ, ինձ համար դա ՀՀ ամենամեծ պաշտոնն է. Սարիկ Մինասյան

Մենք գյումրեցիներից չենք խռովում. 17,200 ձայն ունեցող խմբակցություն և անձնավորություն եմ, ինձ համար դա ՀՀ ամենամեծ պաշտոնն է. Սարիկ Մինասյան

Բոլոր այն նիստերը, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացմանը, մասնակցելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագրերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով նիստին իրենց խմբակցության մասնակցությանը:

«Ունենալով 14 մանդատ՝ կարող ենք հրավիրել արտահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը: Մեր նախընտրական ծրագրում հայտարարած բոլոր կետերը բերելու ենք, հետևողական ենք լինելու, որ իրականան, քանի որ այդ ծրագիրը Գյումրու և գյումրեցիների մասին է: Այսինքն, մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին և բնակչությանը»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ թվում էր կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի եք եկել, հարցերին գրեթե միանման էիք քվեարկում, Մինասյանն ասաց, որ կոմունիստների հետ չգիտի, ինչպես պետք է ընդհանուր հայտարարի գան:

 

«Ճիշտն ասած՝ այդքան շատ ծանոթ չեմ, հոկտեմբերիկ էլ չեմ եղել, պատիվ չեմ ունեցել, բայց անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալին ուղղակի պոպուլիզմ է, որին ես դեմ եմ: Մարդիկ հանձնաժողովների մեր նախագահներին կողմ են քվեարկել, հանձնաժողովները համատեղ՝ նախագահ, տեղակալ, անդամներ՝ բոլորս միասին աշխատելու ենք:

Այն հարցերը որոնց հետ մենք խնդիր կտեսնենք, որոնք չեն վերաբերի մեր քաղաքի ընդհանուր շահին, մենք դեմ ենք լինելու: Բոլոր հարցերը, որոնք ի օգուտ մեր քաղաքին են, էս ծանր վիճակից հանելու մեր բոլոր լիազորություններն օգտագործելու ենք, այդ հարցերին հետևողական լինելու ենք: Ինչպես ընկեր Ղուկասյանը նշեց, որովհետև ասաց՝ մենք ընկերով պետք է խոսենք, ինքը խիստ է լինելու, կրկնակի մենք ենք խիստ ու հետևողական լինելու, որ պաշտոնյաներն իրենց լիազորություններն ու պարտականություններն իրականանցնեն պատշաճ»,- շեշտեց նա:

Հարցին՝ պաշտոն զբաղեցնելո՞ւ է, Մինասյանն ասաց, որ ասել է՝ մանդատը վերցնելու է, որևէ պաշտոնի չի հավակնում: «Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես. 17,200 ձայն ունեցող խմբակցություն և անձնավորություն եմ, ինձ համար դա ՀՀ ամենամեծ պաշտոնն է: Գյումրիում իշխանութունը ձևավորվել է ոչ դասական քաղաքականության պրոցեսների արդյունքում, հայտարարել եմ, որ քաղաքային իշխանության ձևավորմանը մենք մասնակցություն չենք ունենալու, նաև անիմաստ է սեփական թեկնածուին նշանակել որպես փոխքաղաղաքապետ»,- ասաց նա:

Նա բացառեց, որ Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա կկազմի: «Ես ուր, կոմունիզմն ուր, բացառում եմ»:

  • Կիսվել: