հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մենք ելակի դիմաց մեր անկախությունը չենք զիջելու․ Արարատ Միրզոյան

Մենք ելակի դիմաց մեր անկախությունը չենք զիջելու․ Արարատ Միրզոյան

Մենք մեր անկախությունը չենք զիջի ելակի դիմաց: Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածու, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին և շաբաթներին Ռուսաստանի Դաշնությունն անհասկանալի և անհիմն պատճառներով հայտարարել է ռուսական շուկա հայկական հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, «Ջերմուկ» հանքային ջրի, ծաղիկների և տարբեր այլ տեսակի արտադրանքի մատակարարումների արգելքի մասին։ Եվ, չնայած դրան, Միրզոյանը վստահեցրել է, որ հայկական կողմը ռուս գործընկերների հետ առաջացած խնդիրները կկարգավորի շատ կառուցողական ու գործընկերային մթնոլորտում՝ աշխատանքային քննարկումների միջոցով։

Ըստ Միրզոյանի՝ այս դրվագը հանրապետության առջև նոր հնարավորություններ է բացել իրավիճակն ուսումնասիրելու, այլընտրանքային կապեր հաստատելու և տեղական արտադրողների համար նոր շուկաներ բացելու համար։

Նա նշել է նաև, որ միջազգային բազմաթիվ բիզնես-գործընկերներ առարկայական հետաքրքրություն են ցուցաբերում հայ արտահանողների հետ նոր համագործակցության ձևավորման հարցում։ Մասնավորապես, Միրզոյանը նշել է Եվրամիության երկրները՝ ծայր հյուսիսից մինչև հարավ, արաբական պետությունները, ինչպես նաև անմիջական հարևանությամբ գտնվող գործարար շրջանակները՝ Թուրքիայում։

Միրզոյանը հավելել է, որ չի շտապի իրադարձություններից առաջ ընկնել մինչև համաձայնագրերի վերջնական ստորագրումն ու բոլոր գործարքների հաստատումը, սակայն հայտնել է, որ ծաղիկների առաջին խմբաքանակն արդեն հաջողությամբ ուղարկվել և իրացվում է բոլորովին նոր շուկայում։

«Ինչպես ցանկացած այլ հարցում, այս հարցում էլ, սիրելի՛ ժողովուրդ, այս կառավարությունը ձեզ մենակ չի թողնի խնդրի առաջ, դա բացառված է, մոռացե՛ք, մենք կլուծենք ձեր հարցերը»,-ասել է ՀՀ արտգործնախարարը:

  • Կիսվել: