Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա Եվրոպան, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը կապող հուսալի հանգույց․ Ղալեչյան
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը, որին մասնակցում էին Հայաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Հարթակը ստեղծվել է Հարավային Կովկասի, սևծովյան տարածաշրջանի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև կապակցվածության օրակարգի ամրապնդման և ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգն առաջ մղելու նպատակով։
Համաժողովի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալը հանդես է եկել որպես բանախոս
«Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգ. հնարավորություններ և մարտահրավերներ տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում» թեմայով։
Ղալեչյանը ընդգծել է, որ Հայաստանի համար կապակցվածությունը միայն ենթակառուցվածքների զարգացում չէ։ Հայաստանն այն դիտարկում է որպես տնտեսական աճի, տարածաշրջանային համագործակցության և կայունության ապահովման կարևոր գործիք։ «Առաջիկա հինգ տարիների ընթացքում մեր առաջնահերթությունները կենտրոնացած են երեք փոխկապակցված ուղղությունների վրա՝ տրանսպորտ, էներգետիկա և թվային կապակցվածություն։ Տրանսպորտի ոլորտում մեր հիմնական նպատակը տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն ու զարգացումն է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա Եվրոպան, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը կապող հուսալի և արդյունավետ հանգույց»,-ընդգծել է ՏԿԵ նախարարի տեղակալը։
Ղալեչյանն անդրադարձել է նաև տրանսպորտի ոլորտում թվային լուծումներին, Էներգետիկայի ոլորտում դեպի կանաչ և կայուն էներգետիկ համակարգձևավորելու Հայաստանի ջանքերին։
«Ընդհանուր առմամբ, Հայաստանի տեսլականն է ձևավորել բաց, անվտանգ և փոխկապակցված տարածաշրջան, որտեղ տրանսպորտային, էներգետիկ և թվային ցանցերը ոչ միայն կապում են երկրները, այլ նաև ստեղծում են նոր տնտեսական հնարավորություններ և նպաստում երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը։ Հենց այս տրամաբանության մեջ ենք մենք դիտարկում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կապակցվածության զարգացման գործնական հարթակ»,-ընդգծել է Քրիստինե Ղալեչյանը:



