ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

Հայաստանը հանձնառու է շարունակել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։ Այդ մասին այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (նա մասնակցում է տեսակապով-խմբ.)։
 
«Համագործակցությունն ուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանն ու մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը: Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրատրանսպորտային փոխկապակցվածության օրակարգը: «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունը նպատակ ունի տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման միջոցով ստեղծել նոր հնարավորություններ»,– ընդգծեց նա:
Փաշինյանը ևս մեկ անգամ խոսել է TRIPP («Թրամփի ուղի») նախագծի մասին, որը պիտի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն ստեղծի Հայաստանի և Ադրբեջանի միջև և հնարավորություն ստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար:
«Դա կլինի դարակազմիկ իրադարձություն տրանսպորտային կապերի ոլորտում, փոփոխություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար։ ԵԱՏՄ գործընկերներից ակնկալում ենք որոշ լուծումներ, որոնք մասնավորապես կհանգեցնեն Հայաստանի երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը»,– ասաց ՀՀ վարչապետը:
Նա անդրադարձավ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումներին և վարչական խոչընդոտներին` նշելով, որ դրանք էապես դժվարացնում են ընդհանուր շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը։
 
«Անշուշտ, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը հիմք է հանդիսանում ԵԱՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեության համար: Միևնույն ժամանակ, այս սկզբունքների գործնական իրականացումը դեռևս պահանջում է մեր հատուկ ուշադրությունը: Չելպոնատում կայացած միջկառավարական խորհրդի նիստին իմ նախորդ մասնակցությունից ի վեր, ցավոք, մի շարք հարցերի շուրջ չի հաջողվել էական առաջընթաց գրանցել»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս առումով կարևոր է համարում հայկական արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակումը:
«Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջխաղացումը բխում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաև տնտեսական փոխգործակցության հետագա ամրապնդումը»,– ընդգծեց ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք՝ սա Եվրասիական միջկառավարական խորհրդի 48- րդ նիստն է ԵԱՏՄ-ի աշխատանքի մեկնարկից ի վեր, իսկ ընթացիկ տարում երրորդը։ Նախորդը տեղի է ունեցել օգոստոսի 6-7-ը Ղրղզստանում:

  • Կիսվել: